կարևոր
1339 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-29 12:51

Վարդան Դևրիկյանը վերընտրվել է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն

Վարդան Դևրիկյանը վերընտրվել է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն

ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվել է Վարդան Դևրիկյանը: Այս մասին հայտնում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից։

Վարդան Դևրիկյանը ծնվել է 1964թ-ին` Վանաձորում: Ավարտել է Երևանի պետական համալսարանը: Բանասիրական գիտությունների դոկտոր է:

Վարդան Դևրիկյանի հետազոտությունների ոլորտն ընդգրկում է հայ միջնադարյան և դասական գրականությունը, հայկական տպագրության պատմությունը: Նա 36 մենագրության, 43 հոդվածի հեղինակ է:

Վարդան Դևրիկյանը 1989 թ-ից աշխատում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, 1993-2009թթ. եղել է Մայր Աթոռի «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիր, 1996-2009 թթ.` նաև Մայր Աթոռի Ձեռագրատան վարիչ, 2009-2015թթ.` աշխատել է որպես ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի փոխտնօրեն, Հայ հին գրականության բաժնի վարիչ: 2015թ-ից  ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենն է:

Վարդան Դևրիկյանը ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի  գիտական և մասնագիտական խորհուրդների նախագահն է, Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի անդամ, «Պատմաբանասիրական հանդես», «Լրաբեր հասարակական գիտությունների», «Բանբեր Հայագիտության», «Էջմիածին» պարբերական­ների խմբագրական խորհուրդների անդամ:

Պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ», ԵԿՄ «Վազգեն Սարգսյան» շքանշաններով, ՀՀ պաշտպանության նախարարության «Մարտական գործողությունների», «ՀՀ Զինված ուժեր- 20», «Գարեգին Նժդեհ», ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» մեդալներով: