Նոր կազմավորվող պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման համար միասնական ընդունելություն-մրցույթին մասնակցելու դիմում է ներկայացրել շուրջ 1400 քաղաքացի։
Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Հարգելի' հայրենակիցներ,շարունակվում է պարեկային ծառայության ընդունելությունը։
Այս պահին ստացվել է շուրջ 1400 դիմում 770 տեղի համար։ Դիմումների ընդունելության վերջնաժամկետն է օգոստոսի 7-ը։ Շտապե'ք դառնալ նոր ոստիկանության դեմքը»,- գրել է Բադասյանը։
Երևանում Պարեկային ծառայությունը կգործի 2021 թվականի առաջին եռամսյակից, իսկ մարզերում՝ 2022 թվականի առաջին եռամսյակից։ Դիմել կարող են բացառապես 18-35 տարեկան ՀՀ քաղաքացիները․ բացառություն անել հնարավոր չէ։
Հասակի մինիմալ շեմը սահմանվել է 160 սմ՝ պայմանավորված ծառայության համար անհրաժեշտ օբյեկտիվ ֆիզիկական պարամետրերով և առողջապահության ոլորտի մասնագետների կարծիքով։ Վարորդական իրավունքի առկայությունը պարտադիր է և՛ իգական, և´ արական սեռի ներկայացուցիչների համար։