04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Արդեն շուրջ մեկ ամիս Գեղարքունիքի մարզի տնտեսություններում ընթանում է ոռոգման շրջանը: Այս մասին հայտնել է «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Համբարձումյանը։
Հուլիսի 27-ի դրությամբ մարզի տնտեսություններում հիմնականում ավարտվել է առաջին ոռոգումը, եւ մարդիկ նախապատրաստվում են երկրորդ ոռոգմանը: Ըստ տնօրենի՝ նախապատրաստական աշխատանքները տարվել են այնպես, որ ոռոգման շրջանում որեւէ լուրջ խնդիր չառաջանա:
«Այս տարի մեր աշխատանքները եղել են նախապատրաստական եւ ընթացիկ: Նախապատրաստական շրջանը սկսել ենք մարտ ամսից եւ մինչեւ հունիսի վերջերը հասցրել ենք ընդհանուր ցանցը նախապատրաստել գործարկման: Այդ նպատակի համար մեր միջոցներից նախատեսված էր ծախսել շուրջ 25 միլիոն դրամ, ինչն իրականացրել ենք մոտ 5 միլիոն դրամի տնտեսմամբ:
Վերանորոգել ենք 5 կիլոմետր երկարությամբ ջրատարներ, խորքային հորերի կամ պոմպակայանների 12 պոմպեր, մաքրել մոտ 50 կիլոմետր երկարությամբ առուներ, որոնցից 25 կիլոմետրը՝ ձեռքի աշխատանքով, 25 կիլոմետրը՝ տեխնիկայի օգնությամբ: Կատարված աշխատանքների շնորհիվ էլ հուլիսի սկզբներից կարողացանք բնականոն հունով տանել ընթացիկ աշխատանքները: Ի դեպ, հունիսի ընթացքում հարկադրված եղանք Վարդենիսի տարածքում ոռոգման ջուր տալ տնտեսություններին՝ աշնանացան ցորենի արտերը ոռոգելու նպատակով, քանի որ երաշտի պատճառով կանգ էր առնում արտերի հետագա աճն ու զարգացումը:
Այսօրվա դրությամբ մենք համակարգում չունենք այնպիսի խնդիրներ, որոնք կարող են հանգեցնել համընդհանուր դժգոհությունների, խոչընդոտների: Իհարկե, ոռոգելի հողատարածքների ընդարձակման, համակարգի զարգացման ու արդիականացման համար առկա են հսկայական անելիքներ, սակայն դրանք շատ ավելի մեծ ներդրումներ ու կապիտալ ծախսեր են պահանջում, որոնք եւ ներառված են մեր առաջիկա ծրագրերում: Այս պահի դրությամբ մենք պայմանագիր ենք կնքել 6 500 ջրօգտագործողների հետ ու ոռոգելի հողատարածքները հասցրել 1 600 հեկտարի: Պայմանագրերի կնքման գործընթացն այժմ էլ շարունակվում է, եւ հույս ունենք, որ այս թվերը կարող են աճել: Թաքցված հողերի պարագայում դրանք կփորձենք հայտնաբերել հանձնաժողովների միջոցով եւ բերել օրինական դաշտ: Այս պահին ունենք շուրջ 7,5 միլիոն դրամի վարձավճարի հավաքագրում ու ծրագրել ենք մինչեւ ոռոգման շրջանի ավարտը այն հասցնել մինչեւ 80 միլիոն դրամի: Անշուշտ, ոռոգման ընթացքում նոր խնդիրներ են ի հայտ գալիս, սակայն դրանց կարողանում ենք ժամանակին լուծում տալ»,- նշել է ՋՕԸ տնօրենի պաշտոնակատարը:
Սերգո Համբարձումյանը հստակեցրել է նաեւ պետական ներդրումներով իրականացվող այն ծրագրերը, որոնց արդյունքում մարզի ոռոգման համակարգը կարդիականացվի ու կզարգանա՝ ընդգրկելով նոր հողատարածքներ: Այստեղ շեշտն առավելապես կդրվի ինքնահոս ոռոգման համակարգերի զարգացման վրա: «Այժմ Եվրասիական բանկի միջոցներով եւ Տարածքային զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ ոռոգման համակարգի արդիականացման եւ կառուցման ծրագրեր պետք է իրականացվեն նաեւ Գեղարքունիքի մարզում: Մենք արդեն ներկայացրել ենք մեր առաջարկությունները մի քանի ուղղություններով: Ներկայացված չորս ծրագրերից մեկը Վաղաշենի «Մանասի առու» կոչվող ինքնահոս ջրատարի հիմնանորոգումն է: Այն հնարավորություն կտա՝ անկորուստ ու ժամանակին ոռոգելու Վաղաշեն, Մարտունի եւ Աստղաձոր համայնքների տնտեսությունների հողատարածքները՝ Վաղաշենի դեպքում ամբողջությամբ, Աստղաձորի եւ Մարտունու դեպքում՝ մասամբ: Ինքնահոս ջրատարի գործարկման դեպքում Վաղաշենի պոմպակայանը, որը սնվում է Սեւանա լճից, կարող է ամբողջությամբ դադարեցնել իր գործունեությունը՝ խնայելով նաեւ մեծ քանակի էլեկտրաէներգիա: Ծրագրի երկրորդ ուղղության հասցեն Ծովինարն է: Համայնքում նախատեսվում է հիմնանորոգել «Մեծ առու» կոչվող ոռոգման ջրատարը: Այս դեպքում Ծովինարի պոմպակայանը մասնակիորեն կդադարի գործելուց: Ծրագրի հաջորդ հասցեն Մաքենիս համայնքն է, որտեղ անհրաժեշտ կլինի խողովակներով հիմնանորոգել ինքնահոս, բայց քայքայված մի քանի կիլոմետր երկարությամբ ջրատարը: Այն նորոգելու դեպքում ոչ միայն կնվազեն ջրի կորուստները, այլ նաեւ ոռոգելի կդառնան նոր հողատարածքներ: Եվ, վերջապես, չորրորդ ծրագիրը ներդրվելու է Մասրիկի ջրանցքի նորոգման ուղղությամբ: 24 կիլոմետր երկարության այս ջրանցքի 6-կիլոմետրանոց հատվածը նորոգվել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով, իսկ մնացած 18 կիլոմետրը մնում է չհիմնանորոգված ու աշխատում է հողային հունով՝ առաջացնելով ջրի մեծ կորուստներ: Հիմնանորոգման պարագայում, մեր կարծիքով, Մասրիկի հարթավայրում ավելի քան 1 000 հեկտարով կավելացնենք ոռոգելի հողատարածքները: Բացի այդ, պետական միջոցներով ոռոգման համակարգերի հիմնանորոգման ծրագրի շրջանակում Արծվանիստ, Աստղաձոր, Ծովինար, Սարուխան եւ Լանջաղբյուր համայնքներում նախատեսվում է կատարել մոտ 16 միլիոն դրամի ներդրումներ՝ ոռոգման համակարգերի բարելավման նպատակներով: Մենք հույս ունենք, որ շինարարական աշխատանքները կսկսենք եւ կավարտենք այս տարվա ընթացքում»,- ամփոփել է Սերգո Համբարձումյանը: