կարևոր
539 դիտում, 8 ամիս առաջ --> 2020-07-28 19:12

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական օգնություն կտրամադրի Գյումրիում կարկուտից առավել տուժած ընտանիքներին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական օգնություն կտրամադրի Գյումրիում կարկուտից առավել տուժած ընտանիքներին

Հուլիսի 13-ին Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով առավել տուժած 600 ընտանիք՝ ընդհանուր առմամբ 2670 մարդ, մասնավորապես՝ Գյումրիի տնակային թաղամասում բնակվող և այլ տուժած ընտանիքներ, Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից կստանան մարդասիրական օգնություն՝ դրամական աջակցություն և անկողնային պարագաներ (400 ընտանիք՝ 1800 անձ), հագուստ և կոշիկ ձեռք բերելու վաուչերներ (200 ընտանիք՝ 870 անձ)։  Յուրաքանչյուր անձի կտրամադրվի 49 696 ՀՀ դրամին համարժեք աջակցություն (ընդհանուր առմամբ՝  132 688 587 ՀՀ դրամ)։    

Վերջին 170 տարվա ընթացքում տեղացած աննախադեպ կարկուտից  հետո Գյումրու քաղաքապետարանն իրականացրել էր կարիքների նախնական գնահատում՝  հայտնաբերելու առավել խոցելի ընտանիքներին։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ որպես կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում, կարկուտից տուժած բնակչությանն աջակցելու նպատակով միջոցներ հայթայթելու համար համապատասխան ծրագրով դիմեց Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդին և ստացավ դրական արձագանք։

ՀԿԽԸ-ն առավել տուժած ընտանիքների կարիքների անհատական գնահատում և ցուցակների վերջնական ճշգրտում կիրականացնի Գյումրու քաղաքապետարանի հետ սերտ համագործակցությամբ։  

                                                                 ----------------------------------------

Հավատարիմ մնալով իր մարդասիրական առաքելությանը՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մշտապես արձագանքել է հանրապետությունում տեղի ունեցած խոշոր աղետներին՝ առավել տուժածներին տրամադրելով մարդասիրական օգնություն։ Մասնավորապես՝ վերջին տարիների ընթացքում․

  • 2013 թվականին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական օգնության տրամադրեց Արմավիրի մարզի կարկուտից առավել  տուժած 14 համայնքներում: 4000 մարդու տրամադրվեցին սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ: Յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը հաշվարկված էր բավարարելու տուժած ընտանիքների 2-3 ամսվա սննդի և հիգիենիկ պարագաների կարիքները: 12 ընտանիք: Մարդասիրական օգնության համար Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամի կողմից հատկացվել էր մոտ 100 մլն. ՀՀ դրամ կամ` 224 400 շվեյցարական ֆրանկ:
  • 2016թ․ օգոստոսի 9-ին և 10-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) մարդասիրական օգնություն տրամադրեց Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում և Շիրակի մարզի Արթիկ քաղաքում` հունիսի 24-ի հեղեղի հետևանքով տուժածներին: 
    Կարճաղբյուր համայնքում սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ և կանխիկ գումար ստացան 120 ընտանիք, իսկ Արթիկում` 12 ընտանիք: Մարդասիրական օգնության համար Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամի կողմից հատկացվել էր մոտ 20 881 908. ՀՀ դրամ կամ` 43 686 շվեյցարական ֆրանկ:
  • 2017թ․ հոկտեմբերի 25-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) մարդասիրական օգնություն տրամադրեց Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սիլիկյան 23 փողոցի 9 շենքում հոկտեմբերի 22-ի խոշոր հրդեհի հետևանքով տուժած 11 ընտանիքներին՝ 23 մարդու: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների՝ մարզպետարանի և քաղաքապետարանի հետ, պատահարից անմիջապես հետո ձեռնամուխ եղավ տուժածների առաջնային կարիքների արագ գնահատմանը: Գնահատման արդյունքների հիման վրա ձևավորելով կենսական անհրաժեշտության պարագաների ցանկը, որպես արագ արձագանք, ՀԿԽԸ-ն  այսօր տուժածներին տրամադրեց 1 ամսվա համար նախատեսված սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ, ծալովի մահճակալներ, տաք ծածկոցներ, ձմեռային կոշիկ, բաճկոններ և տաբատներ, սպորտային հագուստ և խալաթներ:
  • 2018թ․ ՀԿԽԸ-ն մարդասիրական օգնություն տրամադրեց Շիրակի մարզի Առափի, Սառնաղբյուր և Նահապետավան համայնքների  օգոստոսի 17-ին և 18-ին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով ամենաշատը տուժած 1097 ընտանիքի՝ ընդհանուր առմամբ 5012 մարդու, որոնցից յուրաքանչյուրն ստացավ 22 440 ՀՀ դրամ  (ընդհանուր առմամբ՝ 112 469 280 ՀՀ դրամ)։
  • 2019թ․ հունիսի 24-ին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով Շիրակ,  Հովիտ, Կամո, Բասեն, Ջրառատ, Կառնուտ բնակավայրերի առավել տուժած 960 ընտանիք՝ ընդհանուր առմամբ 4300 մարդ, Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից ստացավ մարդասիրական օգնություն՝ դրամական աջակցության տեսքով։  Այդ ընտանիքների յուրաքանչյուր անդամ ստացավ 35 215 ՀՀ դրամ  (ընդհանուր առմամբ՝ 151 424 500 ՀՀ դրամ)։