կարևոր
1885 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-28 17:15

ԿԲ-ի գնահատմամբ՝ դրամավարկային ներկա խթանող պայմաններում գնաճը կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ

ԿԲ-ի գնահատմամբ՝ դրամավարկային ներկա խթանող պայմաններում գնաճը կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը գնահատում է, որ ծրագրավորված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերն առավելապես ներքևի ուղղությամբ են, միևնույն ժամանակ խորհուրդը գտնում է,  որ դրամավարկային ներկա պայմանները բավարար խթանող են, և որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետ հատվածում, ինչը հնարավորություն կտա գնաճն աստիճանաբար ավելացնել և կայունացնել նպատակային ցուցանիշի շուրջ: Այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ ԿԲ խորհրդի նիստից հետո, որում որոշվել էր անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: 

«Հունիսին արձանագրվել է 1.4 տոկոս գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.9 տոկոս գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 1.7 տոկոս: Միևնույն ժամանակ 12-ամսյա բնականոն գնաճը պահպանվել է նախորդ ամսվա 0.8 մակարդակի վրա: Երկրորդ եռամսյակում արտաքին հատվածում արձանագրվել է համաշխարհային տնտեսության և արտաքին պահանջարկի էական թուլացում, ինչը համահունչ է եղել դրամավարկային քաղաքականության ծրագրով կանխատեսված զարգացումներին: Եռամսյակի վերջում սակայն հիմնական ապրանքահումքային շուկաներում գները ձևավորվել են սպասվածից փոքր-ինչ բարձր մակարդակում: Միաժամանակ թե զարգացած, թե զարգացող երկրները շարունակել են իրականացնել խթանող դրամավարկային և զգալի խթանող հարկաբյուջետային քաղաքականություն: Ինչպես և ակնկալվում էր արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա էական գնաճային ազդեցություններ չեն եղել»,-ասաց Գալստյանը:

Նրա խոսքով՝ երկրորդ եռամսյակում համավարակի հետևանքով ՀՀ տնտեսական ակտիվության և ներքին պահանջարկի նվազումը գտնվել է ԿԲ-ի կանխատեսումների շրջանակում: Թողարկման նվազումը հիմնականում արտահայտվել է շինարարության և ծառայությունների ճյուղերում: Մինչդեռ, ԿԲ նախագահը նկատեց, որ արդյունաբերության ճյուղում նվազումը սպասվածից ավելի դանդաղ է եղել, այսինքն` արդյունաբերության ճյուղի դրսևորումներն ավելի լավն են եղել: Համավարակի հաղթահարման ժամկետների հետ կապված առկա մեծ անորոշություններով պայմանավորված՝ գնահատվում է, որ առաջիկայում ներքին պահանջարկը դեռևս կմնա թույլ, թեև դրամական փոխանցումների՝ սպասվածից էականորեն քիչ նվազումը կունենա որոշակի դրական նպաստում: Միաժամանակ գնահատվում է, որ վարվող հարկաբյուջետային քաղաքականությունը՝ մասնավորապես շահութահարկի մասով օրենսդրական վերջին փոփոխությունները կունենան դրական նպաստում՝ թե առաջարկի և թե պահանջարկի վրա: «Հաշվի առնելով, որ փաստացի զարգացումները մոտ են եղել երկրորդ եռամսյակի դրամավարկային ծրագրի կանխատեսումներին, ԿԲ խորհուրդը գտնում է,  որ դրամավարկային ներկա պայմանները բավարար խթանող են: Միաժամանակ խորհուրդը գնահատում է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետ հատվածում, ինչը հնարավորություն կտա գնաճն աստիճանաբար ավելացնել և կայունացնել նպատակային ցուցանիշի շուրջ կանխատեսվող հորիզոնի վերջում»,-ասաց Գալստյանը:

Խորհուրդը միակարծիք է, որ ներկա իրավիճակում համախառն պահանջարկի վերականգնման համար առանցքային է նաև հարկաբյուջետային խթանող քաղաքականությունը, հատկապես տնտեսության ներուժային մակարդակի աճին նպաստող ծախսերի իրականացման միջոցով: «ԿԲ խորհուրդը գնահատում է, որ ծրագրավորված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերն առավելապես ներքևի ուղղությամբ են՝ պայմանավորված պահանջարկի վերականգնման հնարավոր դանդաղմամբ և անորոշության հավանական պահպանմամբ: Նման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն պատրաստ  է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում»,-ասաց նա:

ԿԲ նախագահը հիշեցրեց, որ երբ Հայաստանում սկսվել էր կորոնավիրուսի ճգնաժամը, ԿԲ-ն հայտարարել էր, որ ֆինանսական համակարգին, մասնավորապես բանկային համակարգին տրամադրելու է անսահմանափակ քանակությամբ իրացվելիություն, եթե դրա անհրաժեշտությունը կա՝ թե արտարժույթով, թե ազգային արժույթով: «Մենք, հավատարիմ մնալով մեր խոստմանը, որևէ անգամ ՌԵՊՈ-ի ծավալը չենք սահմանափակել, նույնիսկ մի պահ ՌԵՊՈ-ի ծավալը քառապատկվեց մարտին ունեցած ծավալի համեմատ»,-ասաց նա:

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը հուլիսի 28-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 4.5%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 6.0%, կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 3.0%: