կարևոր
762 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-28 15:24

Դատարանը չթույլատրեց Յուրի Խաչատուրովին երկու օրով լքել սահմանը

Դատարանը չթույլատրեց Յուրի Խաչատուրովին երկու օրով լքել սահմանը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց դատարանին՝ իր պաշտպանյալին երկու օրով ՀՀ սահմանը հատելու թույլտվություն տալ։

Միհրան Պողոսյանը նշեl 1, որ Յուրի Խաչատուրովը ծնվել է Վրաստանի Հանրապետությունում, և նրա ծնողներն ու եղբայրները հուղարկավորված են իր ծննդավայրում, իսկ Յուրի Խաչատուրովը 2018թ. նոյեմբեր ամսից չի եղել այնտեղ։ Պողոսյանի խոսքով՝ Յուրի Խաչատուրովի բացակայությունը որևէ ազդեցություն չի ունենա գործի քննության վրա, քանի որ դատական նիստերը նշանակվում են, սովորաբար երեքշաբթի օրերին, ուստի դատական նիստերի ընթացքում՝ երկու օրով նա կարող է բացակայել Հայաստանից, իսկ հարկ եղած դեպքում ժամերի ընթացքում կարող են ապահովել Յուրի Խաչատուրովի ներկայությունը դատական նիստերին։

Դատավարության կողմերին լսելուց հետո դատավոր Աննա Դանիբեկյանն ասել է, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում ՀՀ վերադարձող յուրաքանչյուր քաղաքացի պետք է 14 օր մեկուսանա։

«Յուրաքանչյուր սահմանահատման թույլտվություն տալու դեպքում դատարանը պետք է գնահատի մի կողմից ամբաստանյալի՝ դատարան ներկայանալուն խոչընդոտելու հանգամանքը, մյուս կողմից՝ դատարանը պետք է գնահատի այն փաստարկումը, որը դրված է մեկնման անհրաժեշտության հիմքում, մասնավորապես, այդ փաստարկումը պետք է լինի այնքան ծանրակշիռ, որ գերակշռի դատարան չներկայանալու ռիսկը: Տվյալ պարագայում դատարանն ակնհայտ հանգամանքներ է արձանագրում, որոնք կարող են խոչընդոտել Խաչատուրովի՝ դատարան ներկայանալուն», - ասել է դատավոր Աննա Դանիբեկյանը։

Դատավորը մերժել է պաշտպանի միջնորդությունը՝ նշելով, որ այս պահին նպատակահարմար չի գտնում թույլատրել Խաչատուրովին լքել Հայաստանի սահմանը։

Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։