կարևոր
1331 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-28 13:52

Երկաթուղին ստիպված կլինի նաև չեղյալ հայտարարել ավանդական դարձած անվճար երթևեկության ակցիան

Երկաթուղին ստիպված կլինի նաև չեղյալ հայտարարել ավանդական դարձած անվճար երթևեկության ակցիան

Չնայած Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պատճառով ուղևորահոսքի զգալի կրճատմանը` «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը շարունակում է կանոնավոր ներհանրապետական ուղևորափոխադրումներ իրականացնել:

Փոխադրումները տեղական հաղորդակցությունում գեթ մի օր չեն կանգնել, էլեկտրագնացքների բոլոր ներքին ուղերթներն իրականացվել են ըստ ժամանակացույցի, իսկ ամենախիստ սահմանափակումների և միջքաղաքային ավտոտրանսպորտի ժամանակավոր չեղարկման ժամանակահատվածում հենց ​​երկաթուղին էր դարձել մայրաքաղաքը հանրապետության մարզերի հետ կապող միակ օղակը:

Կորոնավիրուսային վարակի տարածման վտանգի պատճառով ստեղծված վիճակը չէր կարող բացասական ազդեցություն չունենար երկաթուղային տրանսպորտի աշխատանքի վրա. մարտի 14-ից չի գործում Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքը, չեղարկվեց Երևան-Բաթումի-Երևան երթուղին, որը սովորաբար բացվում էր ամեն տարի հունիսի 15-ին, չի գործարկվել Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար նախատեսված սեզոնային էլեկտրագնացքը, որը սովորաբար գործում էր հունիսից մինչև սեպտեմբեր:

Ուղևորների մեծ հոսքից խուսափելու և համաճարակի պատճառով էլեկտրագնացքներում գործող կանոնների պահպանումն ապահովելու համար երկաթուղին ստիպված կլինի նաև չեղյալ հայտարարել ավանդական դարձած անվճար երթևեկության ակցիան, որն անցկացվում էր ամեն տարի Երկաթուղայինի օրը: Այնուամենայնիվ, կարանտինի վերացումից և համաճարակաբանական իրավիճակի կայունացումից հետո ՀԿԵ-ն, անշուշտ, կիրականացնի այս ավանդական միջոցառումը՝ դրա մասին նախապես տեղեկացնելով ուղևորներին:

2020 թվականի առաջին կիսամյակում երկաթուղին տեղափոխել է 136,8 հազար ուղևոր, որից 3,5 հազարը՝ միջազգային, իսկ 133,3 հազարը՝ տեղական հաղորդակցությունում: Համեմատության համար նշենք, որ 2019 թվականի առաջին կիսամյակում Հարավկովկասյան երկաթուղու գնացքներով տեղափոխվել է 178,7 հազար ուղևոր, որից 166,1 հազարը՝ տեղական, իսկ 12,6 հազարը միջազգային հաղորդակցությունում:

Ուղևորափոխադրումների հիմնական անկումը կապված է միջազգային երթևեկության դադարեցման, տուրիստական ​​խմբերի բացակայության, ուսումնական հաստատություններում դասերի չեղարկման և, համապատասխանաբար, ուսանող-ուղևորների բացակայության հետ: Ներկայումս ուղևորների 77%-ը կարճ տարածություններով՝ մինչև 50 կմ, ճամփորդողներն են:

Այնուամենայնիվ, չնայած առաջացած դժվարություններին, ՀԿԵ-ն աշխատում է ուղևորափոխադրումների որակի բարելավման ուղղությամբ. հուլիսի 1-ից ուղևորների շրջանում ամենապահանջված՝ Երևան-Գյումրի, երթուղու երկու ուղերթները սպասարկում է ԷՊ2Դ նոր սերնդի էլեկտրագնացքը:

Այսպիսով, հույս ունենք մեր մշտական և նոր ուղևորներին կրկին տեսնել կյանքի սովորական ռիթմին վերադառնալուց հետո: