1715 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-27 20:15

Սամվել Կարապետյանի քենակալը Ռոբերտ Քոչարյանի գործով հիմնական զեկուցողն է․ դատախազության ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի գործով Վճռաբեկ դատարան երկու բողոք է ներկայացվել։ Մեկը՝ դատախազության կողմից, որը վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանին երկու միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակելուն, մյուսը՝ պաշտպանական կողմից է, խափանման միջոց կիրառելու անհրաժշտության բացակայության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է factor.am-ը:

Ուշագրավ է այն, որ Վճռաբեկ դատարանում այս գործով հիմնական զեկուցող է նշանակվել դատավոր Սերժիկ Ավետիսյանը։ Նա բարեկամական կապի մեջ է «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյսնի հետ։

Սամվել Կարապետյանը, հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանին 2 մլրդ դրամով ազատ արձակելու գործընթացում իր ներդրումն է ունեցել։ Գործարարը մոտ 1 մլն դոլար է փոխանցել Քոչարյաններին, որպեսզի գրավի համար անհրաժեշտ գումարը հավաքվի։ Բացի այդ՝ Սամվել Կարապետյանը դատավոր Սերժիկ Ավետիսյանի քենակալն է, նրա կինը Ավետիսյանի կնոջը գումար է փոխանցել, որը երևում է դատավորի տարեկան հայտարարագրում։

Հենց այս հանգամանքը հիմք ընդունելով՝ Գլխավոր դատախազությունը Ավետիսյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, որը, սակայն, մերժվել է։

Factor.am-ի հարցին ի պատասխան՝ Դատախազությունից տեղեկացնում են․ «Ըստ Գլխավոր դատախազության՝ այդ հանգամանքները միջնորդության քննության շրջանակներում օբյեկտիվ դիտորդի, հասարակության մոտ կարող են ձևավորել Սերժիկ Ավետիսյանի ոչ անաչառության, քննության որոշակի ելքով կանխակալ շահագրգռվածություն ունենալու համոզմունք: Դատախազության միջնորդությունը, սակայն, մերժվել է»։

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը մեզ հետ զրույցում ասաց՝ ինքնաբացարկը մերժելու որոշմանը իրենք դեռևս ծանոթ չեն, կարծիք հայտնել չի կարող։ Ըստ փաստաբանի՝ Վճռաբեկ դատարանի միակ օրինական որոշումը կլինի այն, որ բեկանի Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ։

«Վճռաբեկ դատարանի որոշումն ապօրինի է, այն որևէ լուրջ հիմնավորում և պատճառաբանություն չի պարունակում, Վճռաբեկ դատարանն օրինականության շրջանակում գործելով՝ պիտի բեկանի այդ որոշումը։ Այլընտրանք չկա իրականում, բոլոր մնացած այլևայլություններն այս հարցի շուրջ տարբեր շահերի կշռման հետևանք են։ Մի բան հստակ է, կալանքից բացի՝ չկա որևէ այլ խափանման միջոց, որն ի զորու կլինի չեզոքացնել գործի ընթացքը խոչընդոտելու՝ Ռոբերտ Քոչարյանից եկող ռիսկերը»,- ասաց փաստաբանը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, մինչդեռ, գտնում է, որ շահերի բախում Ավետիսյանի՝ զեկուցող լինելու հարցում չկա։ Ավելին, ըստ Ալումյանի, Վճռաբեկ դատարանը Դատախազության բողոքը չպետք է վարույթ ընդունի։

Պաշտպանն ասաց՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որևէ խափանման միջոց չպետք է կիրառվի, իսկ պնդումներին, թե Քոչարյանի կողմից Մարտի 1-ի գործին խոչընդոտելու վտանգը կարող է չեզոքացնել միայն կալանքը, Ալումյանը պատասխանեց հարցով․ «Այդ դեպքում ինչո՞ւ, երբ ընդհանրապես որևէ խափանման միջոց կիրառված չէր կամ երբ սեպտեմբերի 4-ից դեկտեմբերի 7-ը ստորագրությունն էր խափանման միջոցը, այդ մտավախությունները կյանքի չկոչվեցին, ուրեմն դրանք իրականության հետ կապ չունեցող մտավախություններ էին։ Տուժող կողմն ու դատախազությունը շատ լավ հասկանում են, որ պարոն Քոչարյանը գործի քննությանը չի խոչընդոտի, նրան կալանքի տակ պահելու նպատակը վրեժխնդրությունն է»։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի որոշմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը 2 մլրդ ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Սա այս երկու տարիների ընթացքում արդեն երրորդ դեպքն է, երբ Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվում։ Դատախազությունը կրկին բողոքարկել է որոշումը։

Կշարունակի Ռոբերտ Քոչարյանը մնալ ազատության մեջ, թե՝ ոչ, հարցը Վճռաբեկ դատարանի տիրույթում է։

Մանրամասները՝ տեսանյութում։