670 դիտում, 2020.07.27 15:58

Ադրբեջանում կանցկացվեն Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ

Ադրբեջանում կանցկացվեն Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ

Հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում անցկացվելու են Թուրքիայի և Ադրբեջանի ՌՕՈւ համատեղ վարժանքներ, իսկ օգոստոսի 1-5-ը Նախիջևանում և Բաքվում՝ համատեղ ցամաքային վարժանքներ: Այս մասին ինչպես հաղորդում է Razm.info-ն, հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը։

Նշվում է, որ վարժանքները լինելու են մարտավարական մակարդակում:

Նշենք, որ Ադրբեջանը և Թուրքիան նախկինում ևս երկու ձևաչափով էլ պարբերաբար անցկացրել են համատեղ վարժանքներ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Թուրքիայում:

Ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժություններն Ադրբեջանը և Թուրքիան անում են 2014-ից՝ օգոստոս-սեպտեմբեր ամսիներին: Նախորդ անգամ եղել էր 2019-ի սեպտեմբերին՝ Ադրբեջանում: Դրա համար Ադրբեջան էին ժամանել Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ, P-235 բեռնատար ինքնաթիռ, UH-70 և CH-47 բազմաֆունկցիոնալ, բեռնատար, ինչպես նաև AH-1W «Աթաք» հարվածային ուղղաթիռներ:

Ինչ վերաբերում է ցամաքային զորավարժություններին, ապա՝ կողմերը նման համատեղ զորավարժություններ անկացնում են սովորաբար գարնանը՝ Բաքվի զորավարժարաններից մեկում, իսկ ամռանը՝ առանձին Նախիջևանում:

Նախորդ տարի մայիսին Բաքվի մոտակայքում գտնվող զորավարժարաններից մեկում անցկացվել էր «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք–2019» անունը կրող թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունը, իսկ նույն տարվա հունիսին, արդեն Նախիջևանում, կայացել էր «Անդրդվելի եղբայրություն–2019» անունը կրող համատեղ մարտավարական զորավարժությունը: 

Նշենք նաև, որ համատեղ զորավարժություններից հարցը այս տարվա փետրվարին քննարկել էին նաև երկու երկրների ղեկավարները, ինչից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ զորավարժությունների թիվն ավելանալու է: