կարևոր
2031 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-27 15:38

Կոչ եմ անում խուսափել ջուր խմելու նպատակով անասուններին Սևանի ափամերձ տարածքներ տանելուց․ Վահագն Վարագյան

«Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության անդամ Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ կոչ անելով Սևանի ավազանում անասնապահությամբ զբաղվող անձանց խուսափել ջուր խմելու նպատակով անասուններին Սևանի ափամերձ տարածքներ տանելուց:

«Չկա արձանագրված խնդիր, չկա լուծման անհրաժեշտություն: Տպավորություն է, որ շրջակա միջավայրի և առողջապահության նախարարություններն այսօր աշխատում են հենց այս մեթոդով. չեն հերքում առկա խնդիրները, սակայն պաշտոնապես չեն գրանցում դրանք՝ պարտավորություններից, գործ անելուց խուսափելու համար: Ցիանոբակտերիները (Սևանը կանաչել է սրանց պատճառով) բախտի բերմամբ կամ պոպուլիզմով չեն վերանալու: Ավելին, թեև առողջապահության նախարարությունը խուսանավում և խուսափում է այդ մասին խոսել, բայց կենսաբանական գիտությունների թեկնածու Գոռ Գևորգյանը հետազոտություններով ապացուցել է, որ Սևանա լճում կան նաև Anabaena ցեղի բակտերիաներ: Մտահոգիչ է, որ ցիանոբակտերիաների արտադրած տոքսիններից ամենատարածվածը, ամենավտանգավորն ու ամենահայտնին միկրոցիստիններն են, որոնք արտադրվում են հենց Anabaena ցեղի բակտերիաների կողմից: Սա համարվում է բնության ամենաուժեղ թույներից մեկը: Այն իր ազդեցությամբ և վտանգավորության աստիճանով կարելի է համեմատել կոբրայի թույնի հետ:

Նշենք, որ լողալու հետևանքով միկրոցիստինները կարող են մաշկի միջոցով ներթափանցվել արյան մեջ: Միկրոցիստինների 50-70%-ը կուտակվում է կենդանի օրգանիզմի լյարդում, մոտ 10%-ը՝ աղիքներում, մնացածը՝ տարբեր հատվածներում և ազդում են նյարդային համակարգի վրա: Կենդանիների, օրինակ՝ ձկների մոտ, ինտոկսիկացիան կարող է դրսևորվել լյարդում՝ արյունազեղումներով և լյարդի չափսերի մեծացմամբ: Այս օրերին Սևանից հանված սիգի լյարդը նայեք, կհամոզվեք: Ցիանոբակտերիաներով հարուստ ջրերի ափամերձ տարածքներից կենդանիների ջուր խմելով, նույնպես, վտանգվում է նրանց կյանքը, և սա կարող է անասունների զանգվածային անկման պատճառ հանդիսանալ: Ընդ որում, անասունների մոտ ինտոկսիկացիայի տևողությունը տարբեր է. այն կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի օր:

Ուստի, ելնելով ստեղծված իրավիճակից՝ կոչ եմ անում Սևանի ավազանում անասնապահությամբ զբաղվող անձանց խուսափել ջուր խմելու նպատակով անասուններին Սևանի ափամերձ տարածքներ տանելուց»։