կարևոր
1106 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-27 13:49

Քաղաքացին պնդում է` 2-րդ անգամ վարակվել է Covid-19-ով. ԱՆ-ն հստակ բան չի ասում

Քաղաքացին պնդում է` 2-րդ անգամ վարակվել է Covid-19-ով. ԱՆ-ն հստակ բան չի ասում

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ոչ հերքել, ոչ հաստատել է Հայաստանում կրկնավարակի դեպքի մասին տեղեկությունը։ PanARMENIAN.Net-ի հետ զրույցում նա ասաց, որ նախարարությունն առանձին անձերի մասով տեղեկություն չի տալիս։

Ֆեյսբուքյան օգտատեր Արսեն Հարությունյանն ավելի վաղ հայտնել է, որ իր մոտ կորոնավիրուսի կրկնավարակի դեպք է գրանցվել․ 1-ին անգամ վարակվելուց մոտ 40 օր անց կրկին ախտորոշվել է Covid-19՝ այս անգամ արդեն երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբով։

Նա գրել է, որ 1-ին անգամ հիվանդությունը տանելիս ունեցել է կորոնավիրուսին բնորոշ ախտանիշեր, սակայն թոքաբորբ չի ունեցել։ Բուժվելուց հետո բացասական թեստով դուրս է գրվել հիվանդանոցից։

«Առողջապահության նախարարությունն անձնական դեպքերով չի կարող ոչինչ հաստատել, իսկ ինչ վերաբերում է կրկնավարակի դեպքերին, ապա ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում դեռևս 100 տոկոսով ապացուցված չէ, և այդ ամեն ինչը հետազոտության փուլում է գտնվում։ Եվ ինչպես նախարարն է իր վերջին ասուլիսին ասել՝ 100 տոկոսով չի բացառվում, որ վիրուսը կարող է կրկնվել», - նշեց Ալինա Նիկողոսյանը։

Հուլիսի սկզբին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ Հայաստանում կորոնավիրուսով կրկնակի վարակման դեպք չի գրանցվել։ Սակայն քանի դեռ գիտականորեն ապացուցված չէ, որ կրկնակի վարակվել հնարավոր չէ, պետք չէ 100 տոկոս վստահ լինել, որ լավանալուց հետո նորից չեք վարակվի։

Հուլիսի 27-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 37,390 է։