կարևոր
1620 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-25 15:52

ԱՄՆ-ում արձանագրվել է COVID-19-ի ավելի քան 73 հազար նոր դեպք

ԱՄՆ-ում արձանագրվել է COVID-19-ի ավելի քան 73 հազար նոր դեպք

Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի ավելի քան 73 հազար նոր դեպք:  Արդեն չորրորդ օրն է՝ երկրում մեկ օրում կորոնավիրուսից մահացածների թիվը  անցնում է հազարը: Այս մասին հայտնում է Ջոն Հոփքինսի համալսարանը. գրում է «Ռիա Նովոստի»-ն:

Համալսարանը հայտնում է, որ վերջին 24 ժամում երկրում գրանցվել է վարակի 73 715 նոր դեպք, մահացել է 1130 մարդ:

Հետազոտական համալսարանի վերջին տվյալներով՝ համավարակի տարածման ամբողջ ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավարակի 4 112 651 դեպք: Մահացել է 145 հազար մարդ, առողջացել՝ 1,2 միլիոն վարակված: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտնել էր նոր կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով աշխարհում արձանագրվել է վարակի ավելի քան  15 մլն դեպք:  Մահացածների թիվն անցել է 643 հազարից: