29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Ուկրաինայի հայերի միությունը դատապարտում է հայ համայնքի ներկայացուցիչներին պատկանող սննդի հասարակական կենտրոններն այրելու փորձերը: AnalitikaUA.net-ը տեղեկացնում է, որ այս մասին ասված է Կիևում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ Ուկրաինայի հայերի միության հայտարարության մեջ:
«Հայ համայնքի ներկայացուցիչներին պատկանող սրճարաններն այրելու քայլը մենք գնահատում ենք որպես համայնքին քաղաքական գործընթացում ներքաշելու փորձ: Մենք կտրականապես դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում և կոչ ենք անում պահպանել օրենքը և համայնքին չներքաշել քաղաքական գործընթացների մեջ»,-ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ միության ղեկավարությունը մշտական կապի մեջ է իրավապահ մարմինների հետ և ակնկալում է օպերատիվ հետաքննություն դեպքերի առնչությամբ:
Կիևում փորձ է արվել հայ համայնքի ներկայացուցիչներին պատկանող երկու սրճարան այրել: Դեպքը տեղի է ունեցել այս գիշերը: Նախնական տեղեկատվության համաձայն զոհեր չկան, հրդհեի հետևանքով հաստատությունների առանձին հատվածներ վնասվել են:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության դեպքերի առնչությամբ: Եղել են ՀՀ դիվանագիտական ծառայության և հայ համայնքների բնականոն աշխատանքի խոչընդոտման, նրանց պատկանող անձնական և ծառայողական գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքեր, որոնք առանձին դեպքերում սպառնացել են նաև դիվանագիտական անձնակազմի անվտանգությանը: «Այս գործողությունների ընդլայնվող աշխարհագրությունը և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ իրականացվող գործողություններում Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների ներգրավման փաստերը վկայում են, որ վերոնշյալ գործողություններն ուղղորդվում են Ադրբեջանի պետական կառույցների կողմից»,-ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: