Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում առանձին քննարկումներ են տեղի ունենում Ազգային ժողովի վերահսկողական գործառույթների ընդլայնման հարցով պառլամենտական հանրապետության տրամաբանության մեջ։ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ առցանց քննարկման ժամանակ այս մասին ասել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանը։
«Մասնավորապես, խոսքը խորհրդարանական խմբակցությունների և մշտական հանձնաժողովների վերահսկողական լիազորությունների մասին է»,- ասել է Կիրակոսյանը։
Հանձնաժողովում քննարկվում են նաև նախագահի կարգավիճակին առնչվող հարցեր։
«Կարծում եմ, նաև տեսաք, որ հանձնաժողովը հանդիպեց Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, որտեղ նախագահը ներկայացրեց իր տեսլականը և իր մտահոգությունները, կիսեց վերջին երկու տարիների իր փորձը։ Հանձնաժողովը այս քննարկումների ընթացքում նաև դա անպայման հաշվի կառնի։ Այդ տրամաբանության մեջ առանձին քննարկվում է նախագահի կարգավիճակի և լիազորությունների վերանայումը։ Որոշակի քննարկում է եղել նախագահի ընտրության վերաբերյալ, բայց այս հարցի շուրջ դեռ միասնական դիրքորոշում չունենք։
Առանձին անդրադարձ է կատարվել նաև նախագահի և պետական պաշտոնատար անձանց անձեռնմխելիության միասնական կարգավորման մոդելի հարցին։ Խոսքն ընդհանուր և ֆունկցիոնալ անձեռնմխելիության մասին է։ Այս հայեցակարգի նախնական տարբերակը կունենանք օգոստոսի սկզբին և ավելի առարկայական կքննարկենք»,- ասել է Կիրակոսյանը։