կարևոր
1472 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-24 13:42

Պենտագոնը մեկնաբանել է F-15 կործանիչով իրանական օդանավի հետապնդումը

Պենտագոնը մեկնաբանել է F-15 կործանիչով իրանական օդանավի հետապնդումը

F-15 կործանիչը հուլիսի 23-ին Սիրիայի երկնքում իրանական «Mahan Air» ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռից անվտանգ հեռավորության վրա էր, ուղեկցում էր հաշվի առնելով միջազգային ստանդարտները: Այս մասին ТАСС-ի թղթակցին հայտնել Է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Բիլ Ուրբանը՝ ի պատասխան միջադեպը մեկնաբանելու խնդրանքի։

«Այն պահին, երբ F-15-ի օդաչուն թռչող սարքը նույնականացրել է որպես «Mahan Air» ընկերության ուղևորատար օդանավ, F-15-ը բարեհաջող կերպով մեծացրել է օդանավից հեռավորությունը: Ուղեկցումը կատարվել է միջազգային չափանիշներին համապատասխան», - պնդել է նա:

ՍԵՆԹՔՈՄ-ի ներկայացուցիչը պատմել է, որ ամերիկյան ինքնաթիռը առաջադրանք է կատարել «Անխախտելի վճռականություն» գործողության շրջանակներում, որը Սիրիայում անցկացնում է ԱՄՆ-ի գլխավորած երկրների խումբը, Էթ Թանֆ գոտու շրջանում, որտեղ գտնվում է ամերիկյան ռազմակայանը:

Կործանիչը գտնվել է հազար մետր անվտանգ հեռավորության վրա, երբ որոշել է համոզվել, որ դա ուղեւորատար ինքնաթիռ է:

«Կոալիցիայի զինծառայողների անվտանգությունն ապահովելու նպատակով էտ-Թանֆ բազայի վրա իրականացվել է ինքնաթիռի վիզուալ զննություն» - պարզաբանել է Ուրբանը:

Հինգշաբթի երեկոյան «Fars» գործակալությունը հայտնել էր, որ Սիրիայի երկնքում երկու կործանիչ մոտեցել են ուղևորատար օդանավին:

Օդանավն ուղևորվում էր Լիբանան և հաջողությամբ վայրէջք է կատարել Բեյրութում, որտեղ լիցքավորվել է, այնուհետև վերադարձել Թեհրան: Օդանավի հարկադրական մանևրումների հետևանքով տուժել է 3 ուղևոր և անձնակազմի մի քանի անդամ: