կարևոր
1498 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-24 12:51

Փաշինյանը հորդորեց չթուլացնել զգոնությունը և շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները

Փաշինյանը հորդորեց չթուլացնել զգոնությունը և շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորեց չթուլացնել զգոնությունը և շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Այս մասին Փաշինյանն ասել է ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի ընթացքում՝ նշելով, որ դարձյալ ակտիվացել են հակամահաճարակային կանոնների դեմ ուղղված արշավները:

«Տեսնում եմ, որ էլի հակադիմակային շարժումներ են սկսվում: Եկեք արձանագրենք, թե ինչն է պատճառը, որ մենք տեմպի որոշակի անկում ունենք. պատճառը հակահամաճարակային միջոցառումների պահպանումն է, որի գագաթնակետը դիմակների կրումն է, ինչքան էլ սա տհաճ է բոլորիս համար: Ինձ համար էլ է տհաճ, որ դիմակ եմ կրում, բայց ակնհայտ է, որ այս դինամիկան մենք հիմնականում ունենք դիմակի կրման որոշակի կարգ ու կանոն ունենալու շնորհիվ»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ կորոնավիրուսի թվերի որոշակի անկումը պետք է ոչ թե թուլացնի, այլ քաջալերի, որպեսզի հակահամաճարակային կանոններն ավելի լավ պահվեն:

«Մեր երկրում արդեն 700-ին մոտ մարդ է մահացել կորոնավիրուսից, սա սարսափելի վիճակագրություն է, խնդրում եմ մի թուլացրեք զգոնությունը: Շարունակեք խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրեք դիմակ, պահպանեք սոցիալական հեռավորություն, պարբերաբար ախտահանեք ձեռքերը և մաքսիմալ զգոն եղեք»,- նշել է վարչապետը:

Հայաստանում հուլիսի 24-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 36613 դեպք, որոնցից 25734-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9969 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 153814 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 692  դեպք: Արձանագրվել է մահվան ևս 218 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հուլիսի 13-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հուլիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ: