կարևոր
1460 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-23 22:58

Ռումինիայում ՀՀ դեսպանն ադրբեջանական ագրեսիայի հիմնական պատճառն ատելությունն է համարում

Ռումինիայում ՀՀ դեսպանն ադրբեջանական ագրեսիայի հիմնական պատճառն ատելությունն է համարում

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հիմնական պատճառը հայերի նկատմամբ ատելությունն է համարում: Այս մասին Մինասյանն ասել է «Արարատ» հանդեսին տված հարցազրույցում, նշելով, որ պատճառներից մեկը կարող է լինել նաև կորոնավիրուսի համավարակը:

«Հուլիսի 12-ին Ադրբեջանի վերսկսեց աննախադեպ ռազմական էսկալացիա՝ անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը: Շատ հավանական է, որ համավարակն Ադրբեջանի ագրեսիայի հիմնական պատճառներից էր։ Եկեք չմոռանանք, որ Ադրբեջանում համավարակն աճում է, և իշխանությունները ստիպված են եղել սահմանել մասնակի կարանտինային ռեժիմ, գրեթե այնպիսին, ինչպիսին գարնան սկզբին էր։ Ակնհայտ է, որ COVID-19-ով պայմանավորված ճգնաժամը նաև ունեցել է սոցիալ-տնտեսական և ֆինանսական հետևանքներ Ադրբեջանի համար, քանի որ, ինչպես գիտենք, համավարակի արդյունքում անկում են ապրել նավթի գները, իսկ նավթի և գազի վաճառքը Ադրբեջանի հիմնական եկամտի աղբյուրն է, այդ է պատճառը, որ բնակչության շրջանում աճել է լարվածությունը։ Այնուամենայնիվ, կցանկանայի ընդգծել, որ ադրբեջանական ագրեսիայի հիմնական պատճառն ատելությունն է, որն Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը սերմանել է ընդդեմ հայերի, անկախ նրանից, թե որտեղ են նրանք գտնվում՝ Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում թե սփյուռքում»,- ասել է դեսպանը:

Սերգեյ Մինասյանը նշել է, որ չպետք է անտեսել այն, որ ռազմական ագրեսիային նախորդել են մայիսին անցկացված զորավարժությունները, որոնք չեն համաձայնեցվել համապատասխան մարմինների հետ:

«Առանց համաձայնեցնելու ԵԱՀԿ համապատասխան մարմինների և անտեսելով Վիեննայի փաստաթղթերով ստեղծված մեխանիզմները, համավարակի պայմաններում, ադրբեջանական բանակն իրականացրել է լայնածավալ զորավարժություններ՝ ամենայն հավանականությամբ նախապատրաստելով հնարավոր հարձակում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների, ինչպես տեղի էր ունեցել 2016թ․ ապրիլին, այլև Հայաստանի Հանրապետության պետական սահմանների վրա՝ թիրախավորելով հայկական բանակի դիրքերը և խաղաղ բնակչություն ունեցող բնակավայրերը»,- նշել է Մինասյանը: 

Ռումինիայում ՀՀ դեսպանն ընգծել է, որ միջազգային հանրության, ինչպես նաև հակամարտող կողմերի հիմնական նպատակը պետք է լինի մի կողմից՝ զինադադարի ռեժիմի ամրապնդումը, մյուս կողմից՝ պայմաններ ստեղծելը հետագայում նման միջադեպերի կրկնություն թույլ չտալու համար։

«Փաստացի հուլիսյան ագրեսիայով Ադրբեջանը և΄ ռազմաքաղաքական, և΄ դիվանագիտական իմաստներով վերադարձրել է բոլորիս մինչև 2016թ․ապրիլ եղած վիճակին։ Ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ 2016թ․ ապրիլյան ագրեսիայի դեպքում, այնպես էլ հիմա, հիմնական խնդիրը պետք է լինի հստակ քայլերի ձեռնարկումը ռազմաճակատում վստահության ամրապնդման միջոցառումների, միջադեպերի հետաքննության մեխանիզմների հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ համապատասխան տեխնիկական միջոցների կիրառմամբ, ինչպես նաև, բնականաբար, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ  դեսպան Անջեյ Կասպրչիկի հովանու ներքո դաշտային առաքելություն իրականացնող դիտորդների և հրամանատարների վերադարձը, որոնք դուրս են բերվել գոտուց համավարակի սկզբում։ Մյուս կողմից, բացարձակ անթույլատրելի են Ադրբեջանի հերթական անարդյունք փորձերը՝ խախտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայիս ձևաչափը՝ հակամարտության խաղաղ կարգավորման միակ գործող ձևաչափը, որը, չնայած բոլոր դժվարություններին, արդեն 3-րդ տասնամյակն է՝ թույլ է տալիս բացառել տարածաշրջանում լայնածավալ ռազմական գործողությունները»,- ասել է դեսպանը:

Իր հարցազրույցում Մինասյանն անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Թուրքիայի կողմից Ադրբեջանին աջակցելուն

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության շարունակման անհրաժեշտությունը ներկայումս ավելի է մեծանում՝ հաշվի առնելով այն, որ հուլիսյան էսկալացիան ցույց տվեց ղարաբաղյան հակամարտության հարցում Անկարայի աջակցությունը Բաքվին աննախադեպ չափով՝ հիմա արդեն ոչ միայն քաղաքական, այլև, ԶԼՄ տվյալներով, ռազմատեխնիկական առումներով։ Անկարայի ռազմական և քաղաքական ղեկավարության միանշանակ հակահայկական և ադրբեջանամետ հայտարարություններով, նոստալգիկ նեո-օսմանական զգացմունքներով և հայտարարություններով, ինչպես նաև Հայաստանի հասցեին ռազմական սպառնալիքներով Թուրքիան նորից հիշեցնում է իր մասին որպես երկրի, որի քաղաքական ղեկավարությունը հանդես է գալիս որպես 1915թ. Հայոց ցեղասպանությունը իրականացրածների ժառանգներ և այժմ էլ շարունակում է ագրեսիվ գործողությունները և ամբիցիաները իր սահմանների գրեթե ամբողջ տարածքով, այդ թվում նաև Հարավային Կովկասում»,- նշել է Մինասյանը:

Դեսպանը հավելել է, որ եվրոպական քաղաքակրթության խորհրդանշաններից մեկի, ուղղափառ եկեղեցական ճարտարապետության իրական մարգարտի՝ Սուրբ Սոֆիայի տաճարի` մզկիթի վերածելու թուրքական իշխանությունների վերջին որոշումը հերթական անգամ ցույց է տալիս, որ թուրքական ներկայիս ղեկավարության և΄ արտաքին, և΄ ներքին քաղաքականության մեջ մոտեցումները մտնում են ուղիղ հակասության մեջ եվրոպական հիմնական արժեքների և ազատությունների հետ։ 

«Մեր կարծիքով եվրոպական արժեքներին և ազատություններին հակասում է նաև ներկայիս ադրբեջանական ղեկավարության արտաքին և ներքին քաղաքականությունը, որի բռնապետական ոճն ուղիղ սպառնալիք է Հարավային Կովկասի այն երկրների համար, որոնք ընտրել են ժողովրդավարական հեղափոխությունների միջոցով փոփոխման ուղին»,- ասել է Ռումինիայում ՀՀ դեսպանը:

Մինասյանը Ադրբեջանի հուլիսյան ագրեսիան` ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ուղղակի սպառնալիք է համարում ընդդեմ Հայաստանի նոր ղեկավարության կողմից ընտրված ժողովրդարավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության։ 

«Մենք հավատում ենք, որ մեր եվրոպացի գործընկերները պետք է դա հաշվի առնեն ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հարցում իրենց համակարգված դիրքորոշման մեջ, որտեղ մենք Բրյուսելի կողմից միանշանակ աջակցություն ենք տեսնում Մինսկի խմբի երեք համանախագահների ջանքերին, այլ նաև Ադրբեջանի հետ ԵՄ փոխհարաբերությունների հարցում։ Հույս ունենք, որ Ադրբեջանի հուլիսյան ագրեսիայի հետևանքներով կբացառվեն այնպիսի ձևակերպումները, որոնք կհակասեն նախկինում ԵՄ ստանձնած պարտավորություններին»,- ասել է դեսպանը:

Սերգեյ Մինասյանը նշել է, որ Հայաստանը լավատես է, որ ԵՄ-ն և դրա բոլոր անդամ-երկրները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ամեն ինչ կանեն Լեռնային Ղարաբաղում և շրջակա տարածքներում ամուր խաղաղության հաստատման համար։

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշիավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներկրելով, ետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։