Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հատկանշական է համարում այն, որ Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ սանձազերծած գործողությունների ընթացքում թիրախավորել է հայկական խաղաղ բնակչությանը, մինչդեռ ՀՀ Զինված ուժերը խուսափել են պատասխան կրակոցներից, որոնք կարող էին թիրախավորել ադրբեջանական բնակավայրերը: Այս մասին Մինասյանն ասել է «Արարատ» հանդեսին տված հարցազրույցում:
«Առաջին հերթին պետք է նշել, որ դեպքերը տեղի են ունեցել հենց ՀՀ-ի և Ադրբեջանի սահմաններին։ Ադրբեջանական կողմը մի քանի անգամ հարձակման փորձ է կատարել հայկական մարտական դիրքերի վրա, այդ թվում օգտագործելով հատուկ նշանակության ստորաբաժանումները, ընդ որում, այդ դիրքերը գտնվում են ոչ թե սահմանին, այլ Հայաստանի տարածքի ներսում, բացի այդ, հայկական խաղաղ բնակավայրերը գտնվել են ադրբեջանական հրետանու և հարվածային ԱԹՍ համատարած կրակի տակ։ Դրա հետ մեկտեղ, հայկական կողմը խուսափել է պատասխան կրակոցներից, որոնք կարող էին թիրախավորել ադրբեջանական բնակավայրերը, չնայած նրան, որ ադրբեջանական բանակն իր ուժերը հատուկ տեղակայել էր այդ վայրերում, և հայկական կողմն իրականացրել է թիրախավորված հարվածներ՝ խուսափելով համատարած կրակ բացելուց։ Դրա ապացույցն է այն, որ դեռևս հուլիսյան էսկալացիայի սկզբում հայկական հարվածային ԱԹՍ-ն ոչնչացրել է Ադրբեջանի 3-րդ բանակային կորպուսի շտաբը, որի արդյունքում սպանվել են ադրբեջանական բանակի մեկ գեներալ և բարձր հրամանատարական և զինվորական անձնակազմի որոշ ներկայացուցիչներ»,- նշել է դեսպանը:
Մինասյանն ընգծել է, որ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների ընթացքում Հայաստանի Զինված ուժերի կողմից առաջին անգամ ռազմական փորձարկման է ենթարկվել ԱԹՍ, որն արտադրվել էր հայկական ռազմաարդյունաբերական ձեռնարկությունում, իսկ հայկական ԱԹՍ-ի հարվածների արդյունքում, Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկություններով, ոչնչացվել է նաև ադրբեջանական բանակի երեք տանկ։
«Հուլիսյան մարտերի մեկ այլ կարևոր առանձնահատկությունն այն է, որ ադրբեջանական բանակի համար մեծ անակնկալ եղան հայկական հակաօդային պաշտպանության ուժերի հաջողությունները՝ մեծամասամբ իսրայելական արտադրության ԱԹՍ-ների դեմ պայքարում։ ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ այդ օրերին ադրբեջանական բանակը կորցրել է 13 ԱԹՍ, ևս մեկը՝ Orbiter 3-ը, խփվել է այդ օրերին Լեռնային Ղարաբաղում։ Հատկանշական է, որ շնորհիվ հայկական հակաօդային պաշտպանության գործողությունների՝ փաստացիորեն առաջին անգամ ոչնչացվել է իսրայելական արտադրության բարձր տեխնոլոգիական կազմակերպության արտադրանք հանդիսացող՝ Hermes 900 ԱԹՍ, իսկ մյուս կամիկաձե-ԱԹՍ-ն՝ Sky-Striker, նույնպես առաջին անգամ իջեցվել և գրավվել է հայ զինվորների կողմից»,- նշել է Մինասյանը:
Ռումինիայում ՀՀ դեսպանը հավելել է, որ այդ իրադարձությունները որոշիչ ազդեցություն են ունեցել ադրբեջանական ռազմական ղեկավարության վրա, քանի որ վերջինս պատրանք է ունեցել, թե օգտագործելով վերջին սերնդի բազմամիլիարդանոց ռազմական տեխնիկա, կունենա ռազմական գերակայություն Հայաստանի և Արցախի հանդեպ։
«Այդ է պատճառը, որ ադրբեջանական կողմը ոչ հաճելի անակնկալի է եկել՝ հանդիպելով մի կողմից ադրբեջանական բանակի անկարողությանը լայնամասշտաբ կերպով օգտագործել իրենց ԱԹՍ-ները, իսկ մյուս կողմից նույն ռամատեխնիկան օգտագործելու մեջ հայկական կողմի արդյունավետությանը։ Այդ հանգամանքը, այլ պատճառների շարքում, ամենայն հավանականությամբ իր ազդեցությունն է ունեցել նրա վրա, որ ադրբեջանական բանակն ուժեցացրել է ՀՀ տարածքում գտնվող բնակավայրերի վրա հարձակումները»,- ասել է դեսպանը:
Սերգեյ Մինասյանը նաև նշել է, որ վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հանդես է եկել հայտարարությամբ՝ սպառնալով, որ ադրբեջանական բանակը կարող է հրթիռային հարվածներ իրականացնել Մեծամորի ատոմակայանի վրա։
«Ակնհայտ է, որ նմանօրինակ պաշտոնական սպառնալիքներն այլ բան չեն, քան միջազգային հումանիտար իրավունքի և մասնավորապես Ժնևյան կոնվենցիաների 1-ին լրացուցիչ արձանագրության դիտավորյալ խախտում»,- հայտնել է Մինասյանը:
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշիավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներկրելով, ետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր և մի քանի օր շարունակել հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։