478 դիտում, 2020.07.23 16:23

Շիրակի մարզում մեկնարկել է հացահատիկի բերքահավաքը

Շիրակի մարզում մեկնարկել է հացահատիկի բերքահավաքը

Շիրակի մարզի Ախուրյանի և Անիի ներքին գոտիներում մեկնարկել են հացահատիկի բերքահավաքի աշխատանքները։ Այս մասին հայտնում են մարզպետարանի տեղեկատվության բաժնից։

Այս տարի մշակվել է 32 732 հա հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածք՝ 14 790 հա աշնանացան ցորեն և 14 328 հա գարնանացան գարի, ընդհանուր առմամբ նախորդ տարվանից 1 070 հա-ով պակաս։ Ակնկալվում է 1 հա-ից 25-30 ց բերք: Ցորենի սերմացուի պակասը կլրացվի ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի միջոցով։

Պիլոտային ծրագրով առաջարկվում է աշնանացան ցորենի էլիտար և/կամ առաջին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում, որի արդյունքում սերմերը ձեռք կբերվեն շուկայականից առավել ցածր գներով։ Ծրագրին կարող են մասնակցել 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողները։ Տրամադրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը 1 կգ սերմի համար կկազմի 70 դրամ:

Շիրակի մարզի գյուղացիական տնտեսությունները ներկայացրել են 2 900 տ աշնանացան ցորենի պահանջարկ: