կարևոր
1887 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-23 15:19

Ներդրումային ծրագիր իրականացնելու համար կառավարությունը «Նոբբի» ՍՊԸ-ին հողամաս կօտարի

Ներդրումային ծրագիր իրականացնելու համար կառավարությունը «Նոբբի» ՍՊԸ-ին հողամաս կօտարի

Կառավարությունը ուղղակի վաճառքի ձևով «Նոբբի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հողամաս կօտարի ներդրումային ծրագիր իրականացնելու համար։  Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ ծրագրով նախատեսվում է Արզումանյան փողոցի թիվ 8ա հասցեում գտնվող վթարային շենքի բնակիչներին նոր բնակելի տարածքներ հատկացնելու միջոցով վերաբնակեցնել «Նոբբի» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Արզումանյան փողոցի հ.8/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում։

«ՀՀ կառավարության կողմից համաձայնության դեպքում ընկերությունը պարտավորվում է սեփականության իրավունքով իրեն պատկանող Արզումանյան փողոցի հ.8/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից տրամադրել 2 200 քմ մակերեսով բնակելի տարածք՝ Արզումանյան փողոցի հ.8ա հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց  Պապիկյանը՝ ավելացնելով, որ ընկերությունը պարտավորվում է օտարվող հողամասի սահմաններում նախատեսվող բազմաբնակարանային շենքային համալիրի կառուցապատումից հետո Երևանին տրամադրել 800 քմ մակերեսով բնակելի տարածք սեփական միջոցների հաշվին, իրականացնել Արզումանյան փողոցի թիվ 8ա հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքի ապամոնտաժում, որից հետո չկառուցապատվող 346 քմ մակերեսով հողամասը բարեկարգել, կանաչապատել, հիմնել պուրակ եւ նվիրել Երեւան քաղաքին։

Արձագանքելով՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ փորձում են ներդնել վթարային շենքի բնակիչների հարցերը լուծելու մեխանիզմ։

«Եթե այս նախագիծն աշխատեց, կնշանակի, որ մենք պրոցեսը սկսել ենք, և պատկերացում ունենք, թե ինչպես պետք է այդ հարցը լուծվի։ Իհարկե, երկար ժամանակ քննարկում էինք. այստեղ խնդիրն այն էր, որ պետք է նաև ներդրողների կողմից հետաքրքրություն լինի, եւ հիմա շատ ուրախ եմ արձագանգրել, որ այդպիսի առաջին գործնական հետաքրքրությունը մենք արձանագրում ենք»,- ասել է Վարչապետը։

Նրա խոսքով՝ այստեղ ունեն մի փոքր խնդիր․ այս պրոցեսը Երևանում ավելի գրավիչ կլինի, քան մարզերում. «Բայց մենք պետք է արձանագրենք, որ մեկնարկում ենք մի պրոցես, որի արդյունքներով հույս ունենք շատ ավելի լայն հետեւություններ անել, եւ սրա արդյունքում վթարային շենքերի ահագնացող պրոցեսը կսկսվի լուծվել»։