կարևոր
1541 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-23 14:37

Վահրամ Ավետիսյանը ներկայացրեց իր պատկերացումները ՍԴ-ում հնարավոր գործունեության շուրջ

Վահրամ Ավետիսյանը ներկայացրեց իր պատկերացումները ՍԴ-ում հնարավոր գործունեության շուրջ

Կառավարության կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրված թեկնածու Վահրամ Ավետիսյանը ներկայացրեց իր պատկերացումները ՍԴ-ում հնարավոր գործունեության շուրջ:

ՍԴ դատավորի թեկնածուն ասաց, որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում իր խնդիրն է լինելու առավելագույնս ապահովել ՍԴ դատավորի անկախությունը, ապաքաղաքականացվածությունը, անաչառությունը։

«Ինչպես նաև հաշվի առնելով մեր երկրում ձևավորված իրողությունները՝ ապահովել ժողովրդավարության ամրապնդման եւ զարգացման գործում Սահմանադրական դատարանի դերակատարությունը։ Մենք գիտենք, որ ժողովրդավարությունը և ժողովրդավարական արժեքները կարծրացած կայուն կատեգորիաներ չեն։ Հասարակության զարգացման հետ մեկտեղ նաև ժողովրդավարության ու ժողովրդավարական արժեքների նկատմամբ մոտեցումներն ապրում են այսպես ասած էվոլյուցիա։ Ենթադրում եմ նաև, որ Սահմանադրական դատարանը՝ իհարկե՛, հիմքում ունենալով անհատի հիմնարար իրավունքներն ուազատությունները, պետք է գործի այդ տրամաբանությանը զուգահեռ և արդյունավետ կերպով ապահովի օրենսդիր, գործադիր ու  դատական իշխանությունների ներդաշնակ գործունեությունը, նորմատիվ ակտերի սահմանադրականության որոշման արդյունավետության գործընթացը»,-  ասաց Ավետիսյանը։

Նա նշեց, որ չէր տեղեկացվել, որ պետք է ելույթ ունենա եւ կփորձի հարցերի ձեւով ներկայացնել իր գնահատականները, մոտեցումները՝ կոնկրետ երեւույթների նկատմամբ՝ հաշվի առնելով նաև ՍԴ դատավորի թեկնածուի վարքագծի նկատմամբ գոյություն ունեցող օրենսդրական սահմանափակումները: Ավետսիայնի խոսքով՝ ինքը հանգամանալից պլանավորում է մոտեցումներն ու գնահատականները ներկայացնել ԱԺ-ին։

Վարչապետը ՍԴ դատավորի թեկնածուին խնդրեց ներկայացնել իր կենսագրությունն ու անցած աշխատանքային գործունեությունը։

«Մասնագիտական աշխատանքային գործունեությունը սկսել եմ 1999 թվականից՝ դատախազությունում՝ ստաժոր-ավագ քննիչի պաշտոնում։ Հետագայում՝ թեկնածուական ատենախոսությունս Ռուսաստանի Դաշնությունում պաշտպանելուց հետո անցել եմ դասախոսական աշխատանքի։ Մասնավորապես՝ 2002 թվականից դասավանդում եմ Երևանի պետական համալսարանում։ Ներկայումս զբաղեցնում եմ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնը»,- ասաց Ավետիսյանը՝ ավելացնելով, որ զուգահեռ զբաղվել է  նաև մասնավոր պրակտիկայով։

«Այսինքն՝ մեր Հանրապետության մասշտաբով տարբեր խոշոր կազմակերպություններում զբաղեցրել եմ իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնը, գլխավոր իրավախորհրդատուի պաշտոնը։ Շատ կարճ ժամանակահատված պաշտոնավարել եմ դատախազությունում որպես օտարերկրյա դատարաններում պետական շահերի պաշտպանության բաժնի ավագ դատախազ։ Նշեմ նաև, որ 2012  թվականից նշանակվել եմ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի Դեմոկրատիայի զարգացման միջազգային ինստիտուտի երեւանյան մասնաճյուղի տնօրեն։ Եվ պաշտնովարման այս 8 տարիների ընթացքում՝ հաշվի առնելով տվյալ միջազգային կազմակերպությանն ընձեռված մանդատի շրջանակները՝ իրականացրել ենք դեմոկրատիայի, պարլամենտարիզմի եւ ընտրական իրավունքի իրականացման հետ կապված տարատեսակ ծրագրեր, ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում նաեւ դիտորդական առաքելություններ»,-նշեց նա։

Ավետիսյանի խոսքով՝ իր աշխատանքային փորձը ներառում է ինչպես մասնավոր հատվածը, այնպես էլ հանրային իրավունքի հատվածը՝ իր կողմից նշված դրսևորումներով։

«Կարծում եմ, որ ունեմ անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ, կենսափորձ և անհրաժեշտ սկզբունքայնություն, որպեսզի կարողանամ պատշաճ ձևով իրականացնել Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունները։ 2014 թվականին պաշտպանել եմ իմ դոկտորական ատենախոսությունը, 2015 թվականին նաեւ ստացել եմ պրոֆեսորի գիտական կոչում»,-ասացԱվետիսյանը։

Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Պարո՛ն Ավետիսյան, ձեզ հաջողություններ ենք մաղթում ԱԺ քննարկումներում և ընտրվելու դեպքում նաև հաջողություններ ՍԴ դատավորի կարգավիճակում»։

Ավետիսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց վարչապետին ու կառավարությանը՝ իրեն որպես ՍԴ դատավորի ապաքաղաքականցված թեկնածուի նկատմամբ ցուցաբերած վստահության համար։

«Կրկին ցանկանում եմ ընդգծել ՍԴ-ի առանցքային դերակատարությունը մեր հանրային կյանքում և ՍԴ դատավոր ընտրվելու պարագայում ըստ էության պարտավորվում եմ իմ մասնագիտական ու մարդկային որակների առավելագույնը ներդնել ՍԴ-ի հանրային հեղինակությունը բարձրացնելու, ՍԴ դատավորի բարձր կոչմանը արժանի լինելու, ինչպես նաեւ ՍԴ-ի անկախությունն ու անաչառությունը ապահովելու գործում»,-ասաց Ավետիսյանը: