24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
Քննչական կոմիտեն ավարտել է մի խումբ անձանց կողմից փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեկ մեղադրյալի` Հարություն Գրիգորյանի մասով նախաքննությունը և ուղարկել դատարան։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանգամանքները, շարժառիթը:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի օրը՝ 2019թ. սեպտեմբերի 17-ին` ժամը 22:30-ի սահմաններում, աննշան հարցի պատճառով վիճաբանություն է սկսվել Ա. Մխիթարյանի և Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Հ. Գրիգորյանի միջև, որի ժամանակ նրանք սկսել են միմյանց քաշքշել ու հայհոյել:
Մինչ Ա. Մխիթարյանի ընկերները փորձել են դադարեցնել վիճաբանությունը, այդ ընթացքում Հ. Գրիգորյանը զանգահարել է իր մտերիմներին և եղբորը՝ Զ. Գրիգորյանին և, տեղեկացնելով կատարվածի մասին, նրանց կանչել հիշյալ շենքի բակ:
Որոշ ժամանակ անց վերջիններս մի քանի ավտոմեքենաներով եկել են նշված շենքի բակ, որտեղ գտնվելու ընթացքում Հ. Գրիգորյանն անսպասելի մոտեցել է միայնակ և հանգիստ կանգնած Ա. Մխիթարյանին և դիտավորությամբ բռունցքով մեկ անգամ հարվածել նրա դեմքին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել, որից հետո Հ. Գրիգորյանը, նրա եղբայրը և գործով ինքնությունները չպարզված մի խումբ անձինք, Ա. Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու նպատակով, գիտակցելով վերջինիս առողջության համար իրենց գործողությունների վտանգավոր բնույթը, նախատեսելով դրա հետևանքը, միաժամանակ գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, ընդհանուր միասնական դիտավորությամբ ոտքերով, նաև գործով չպարզված առարկայով բազմաթիվ և անկանոն հարվածներ են հասցրել գետնին ընկած Ա. Մխիթարյանի կյանքի համար կենսական նշանակություն ունեցող օրգանին՝ գլխին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Միջադեպի ժամանակ ծեծի է ենթարկվել նաև Ա. Մխիթարյանի ընկերներից մեկը, որն իր մարմնով կռացել է ընկերոջ վրա՝ փորձելով նրան պաշտպանել հարվածներից:
Դեպքից հետո Ա. Մխիթարյանը ենթարկվել է վիրահատության և մինչ օրս գտնվում է անգիտակից վիճակում:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Հ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով և 118-րդ հոդվածով (ծեծ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Վերջինիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթ և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:
Գործով դեռևս չպարզված անձանց, ինչպես նաև Զ. Գրիգորյանի վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, որի նախաքննությունը շարունակվում է:
Մեղադրանք է առաջադրվել նաև Հ. Գրիգորյանի եղբորը՝ Զ. Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով: