կարևոր
1821 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-23 11:39

Կառավարությունը հավանություն տվեց «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի արաձանգրությանը

Կառավարությունը հավանություն տվեց «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի արաձանգրությանը

Կառավարությունը հավանություն տվեց «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի՝ հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է. ««Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի՝ հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի 89-րդ լիագումար նիստում 2011 թվականի դեկտեմբերի 19-ին:

Արձանագրությունը ստորագրել է 52 պետություն, վավերացրել է 46 պետություն:

Հայաստանի Հանրապետության կողմից Արձանագրությունը ստորագրվել է 2019թ. սեպտեմբերի 26-ին:

Արձանագրությունը կոչված է ամրապնդելու և լրացնելու ազգային և տարածաշրջանային մեխանիզմները, որոնք երեխաներին հնարավորություն են տալիս բողոքներ ներկայացնել իրենց իրավունքների խախտումների դեմ:

Արձանագրության կարևորությունն այն է, որ այն հնարավորություն է տալիս Երեխաների իրավունքների կոմիտեին իրականացնելու մի շարք գործառույթներ, որոնք ուղղված են ամրապնդելու եւ լրացնելու այդպիսի ազգային մեխանիզմները, ինչպես նաև ընդլայնելու Կոնվենցիայի և համապատասխան դեպքերում դրա՝ «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» և Կոնվենցիային կից՝ «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ» կամընտիր արձանագրությունների կիրարկումը:

Վավերացնելով Արձանագրությունը՝ Հայաստանը կստանձնի պարտավորություն պատշաճ ուշադրություն դարձնել իր իրավազորության ներքո գտնվող անձանց բողոքների վերաբերյալ Կոմիտեի տեսակետներին և առաջարկություններին և Կոմիտե ներկայացնել գրավոր պատասխան, այդ թվում՝ տեղեկություններ՝ Կոմիտեի տեսակետների եւ առաջարկությունների լույսի ներքո ձեռնարկված և նախատեսված ցանկացած գործողության վերաբերյալ»: