կարևոր
2020 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-22 21:59

COVID-19-ի պայմաններում Ադրբեջանի քայլերը արժանի են միջազգային դատապարտման. դեսպան Մինասյան

COVID-19-ի պայմաններում Ադրբեջանի քայլերը արժանի են միջազգային դատապարտման. դեսպան Մինասյան

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հարցազրույց է տվել «Defense Romania» գործակալությանը, որում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի մարզի հատվածում Ադրբեջանի ագրեսիային։

Հարց- Հուլիսի 12-ին կտրուկ լարվել է իրավիճակը Ադրբեջանի և Հայաստանի սահմանին: Որո՞նք են պատճառները:

Սերգեյ Մինասյան- Հուլիսի  12-ին ադրբեջանական բանակը, կիրառելով տարատեսակ մարտական տեխնիկա (տանկեր, հրետանիներ, անօդաչու թռչող սարքեր) ռազմական գործողություններ է իրականացրել ինչպես պետական սահմանի մոտ, այնպես էլ Հայաստանի ներսում: Ավելին, հուլիսի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում նմանատիպ գրոհների են ենթարկվել նաև հայկական տարբեր բնակավայրեր, այդ թվում նաև՝ Բերդ քաղաքը: Պետք է նշել,  որ երկար տարիներ շարունակվող ռազմական գործողություններից հետո Ադրբեջանի այս ագրեսիան առաջինն էր, որի թիրախը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն էր (Արցախը), այլ նաև Հայաստանի հետ սահմանը: Տվյալ ռազմական գործողություններում օգտագործվել  է աննախադեպ, զգալի քանակությամբ ռազմական տեխնիկա, ռազմական նշանակության սարքավորումներ և ռազմական անձնակազմ:
Սակայն, իր ունակությունների շնորհիվ, հայկական բանակը կարողացել է  հակահարված տալ այս հարձակումներին, որի արդյունքում ադրբեջանական բանակը կորուստներ է ունեցել, որոնց  թվում էին նաև մի գեներալ և մի քանի բարձրաստիճան սպաներ, որոնք, որպես արդյունք, չկարողացան ներթափանցել Հայաստան՝ դրսևորելու իրենց ատելությունը խաղաղ բնակչության նկատմամբ:

Հարց- Ո՞րն է Ադրբեջանի այս գործողությունների պատճառը:

Սերգեյ Մինասյան- Ակնհայտ է, որ այս գործողություններն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իր իշխանությունների կողմից տարիներ շարունակ մշակված ատելության քարոզչության հետևանքն են, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի (Արցախ), Հայաստանի և նույնիսկ ամբողջ հայկական սփյուռքի դեմ:  Հայաստանի դեմ  Ադրբեջանի կողմից ագրեսիայի դրսևորումից  մի քանի օր առաջ, Իլհամ Ալիևը կոշտ հայտարարություններով էր հանդես եկել և սպառնացել ռազմական գործողություններ վերսկսել Լեռնային Ղարաբաղի (Արցախ) ժողովրդի դեմ` տարածքային պահանջներ ներկայացնելով Հայաստանին:
Մեզ հատկապես մտահոգում է այն փաստը, որ չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին, Ադրբեջանը վերսկսել է ռազմական ագրեսիան և այս ամենը COVID-19 համաճարակի հետևանքով ստեղծված պայմաններում, ինչի ամենավառ ապացույցը հունիսի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ռազմական գործողությունների հետևանքով գործարանի վրա հարձակումն էր,  որտեղ դիմակներ և այլ անհրաժեշտ բժշկական սարքավորումներ էին պատրաստվում COVID-19 համավարակի դեմ պայքարելու նպատակով: Համարում եմ, որ այս փաստերն արժանի են միջազգային հանրության կողմից ամենախիստ դատապարտման:

Հարց - Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս է միջազգային հանրությունն արձագանքել ստեղծված իրավիճակին:

Սերգեյ Մինասյան- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնց միջնորդությամբ է ընթանում Լեռնային Ղարաբաղի (Արցախ) հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը, մի շարք ազդեցիկ երկրներ, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն և այլ միջազգային կազմակերպություններ կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հրադադարի մասին համաձայնագիր կնքել: Փաստացի միայն Թուրքիան է այն եզակի դերակատարների շարքում, որոնք միանգամայն սատարում են Ադրբեջանի ռազմական ագրեսիան և, փաստորեն, Թուրքիան իրականում շարունակում է Հայաստանի դեմ իր իշխանությունների ավանդական  ապակառուցողական դիքորոշումը, որը սկիզբ է առել 1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունից ի վեր: Տվյալ հանգամանքը ևս մեկ անգամ հաստատում է այս հակամարտության հարցում Թուրքիայի կողմնակալ վերաբերմունքը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցային գործընթացում այն ներգրավելու փորձերի անընդունելիությունը: Այնուամենայնիվ, մենք հույս ունենք, որ շնորհիվ միջազգային հանրության աջակցության՝ հրադադարի մասին պայմանավորվածություններն ինչպես Հայաստանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) սահմաննների երկայնքով կվերականգնվեն և կհարգվեն: