կարևոր
1708 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-22 18:20

Նախարարությունը խիստ վերահսկողության տակ է վերցնում սիգի որսը

Նախարարությունը խիստ վերահսկողության տակ է վերցնում սիգի որսը

Շրջակա միջավայրի նախարարությունը իրականացնում է ծրագիր, որի շրջանակում տրվում է սիգ ձկնատեսակի փորձարարական որսի հնարավորություն: Իրականացվող գործընթացները միտված են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործմանը և օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգմանը։ Որսի ընդհանուր պահանջներից են՝ ձկան քաշը պետք է լինի 500 գրամից ոչ պակաս, սիգի արդյունագործական որսը պետք է իրականացվի դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի): Ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ոսկեհատ Գրիգորյանը նշեց, որ կարևորելով Սևանի էկոհամակարգի հավասարակշռության մեջ ձկնապաշարի դերը, նախարարությունը մշակել է Սևանում ձկան ու խեցգետնի պաշարի օգտագործման կարգը: Այդ ամենի նպատակներից մեկը ձկան որսի գործընթացն օրինական դաշտ բերելն է: 

«Այս տարվա համար նախատեսված է 200 տոննա սիգի արդյունագործական որսի իրականացում: Ներկա փուլում նախարարության աշխատակիցները հայտերի ընդունման գործընթացն են իրականացնում Սևան ազգային պարկում և նրա մասնաճյուղերում, որպեսզի օրինական ճապարահով հնարավոր լինի իրականացնել սիգի որսի գործընթաց»,-ասաց Ոսկեհատ Գրիգորյանը: 

Լողամիջոցների համար սահմանված են մուտքի և ելքի 17 տեղամասեր: Յուրաքանչյուր տեղամասում ազգային պարկի տեսուչը մատյանավարությամբ է իրականացնելու հսկողական աշխատանքը: Դա նշանակում է, որ ամեն լողամիջոց ֆիքսվելու է օրով, ժամով, առկա են լինելու ձնորսի տվյալները: Դուրս գալուց ֆիքսվելու է որսված ձկան քանակը: Այդ տվյալները փոխանցվելու են Շրջակա միջավայրի նախարարություն վերլուծություն անելու նպատակով: 

«Ինչ վերաբերում է ձկների որսի նկատմամբ ընդհանուր վերահսկողությանը, ապա այդ մասով լիազորությունները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնինն են: Տեսչական կազմը կիրականանցի հսկողությունը»,-ասաց Ոսկեհատ Գրիգորյանն՝ ավելացնելով, որ մինչ այս կարգը սահմանելը Գեղարքունիքի մարզում խնդրի հետ կապված բազմաթիվ քննարկումներ են կատարվել: Ընդհանուր տրամադրվածությունն այն է, որ բոլորը ցանկանում են գործել օրինական դաշտում:

Սևանի ինքնամաքրման և առողջացման գործընթացը բարձր գնահատելով՝ նախարարությունն իրականացնում է նաև էնդեմիկ ձկնատեսակների պահպանությանն ուղղված համալիր միջոցառումներ: Մասնավորապես, Սևան է բաց թողնվում Սևանի իշխանի երկու ենթատեսակի մանրաձուկ: Մեկնարկել է նաև Սևանի կողակի վերարտադրության ծրագիրը: Ոսկեհատ Գրիգորյանը շատ կարևորեց այս ծրագիրը՝ նշելով, որ այս ձուկը Սևանի սանիտարն է, ինքնամաքրման գործընթացում կարևոր դեր է կատարում:

Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումներն ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահում Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման խնդիրը։ Այս պահին կապտականաչ ջրիմուռների ակտիվություն է դիտարկվում ինչպես Մեծ Սևանի, այնպես էլ Փոքր Սևանի հատվածներում։ 2019-ին մեկնարկած Սևանի ափամերձ անտառածածկ հատվածների մաքրման աննախադեպ ծավալների շնորհիվ այս տարի լճում ֆոսֆորի կոնցենտրացիան անհամեմատ նվազել է։ Նախորդ տարվա ընթացքում ափամերձ հատվածներից մաքրվել է շուրջ 100 հեկտար անտառածածկ տարածք։ Այս տարի աշխատանքները կշարունակվեն։