կարևոր
1350 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-22 18:07

Ադրբեջանցիները փորձել են միջամտել հայերի՝ Լոս Անջելեսում իրականացրած խաղաղ ցույցին

Ադրբեջանցիները փորձել են միջամտել հայերի՝ Լոս Անջելեսում իրականացրած խաղաղ ցույցին

Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործությունների դեմ բողոքելու նպատակով Լոս Անջելեսի հայկական համայնքի ներկայացուցիչները միասնության ակցիա են իրականացրել Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության շենքի առջև: Ադրբեջանցիները ձգտել են միջամտել խաղաղ ցույցին՝ փորձելով ընդհարում հրահրել: 

Ադրբեջանցիներին սանձել է ոստիկանությունը, որը ստիպված է եղել որոշ ժամանակով փակել ճանապարհը՝ հավաքվածներին խաղաղեցնելու նպատակով:

Հայ ցուցարարները վեր են բարձրացրել հայկական դրոշները և հանդես եկել «Ո՛չ պատերազմին: Ո՛չ Ալիևին» կարգախոսով: 

Ակցիայի մասնակից հայ երիտասարդները երգել են, պարել՝ ցույց տալով մեր միասնականությունն ու համերաշխությունը: Նրանց է միացել նաև սիրված երգիչ Անդրեն, որն այժմ ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում, և կատարել է «Սարի աղջիկ» հայկական ժողովրդական երգը:

Խաղաղ ցույցին մի քանի ժամ հետևելուց հետո ադրբեջանցիները որոշել են հեռանալ, սակայն նրանցից մեկը հարվածել է հայ աղջկա, ինչի հետևանքով բախում է տեղի ունեցել: Տուժել են և՛ ադրբեջանցիներ, և՛ հայեր:

Ի վերջո ադրբեջանցիները փախել են և չեն տարել իրենց դրոշները:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, ետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր և մի քանի օր շարունակել հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: