ՀՀ Կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչները ստուգայցեր են իրականացրել Վանաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․
«Ստուգայցերի ընթացքում վերահսկողություն է իրականացվել հաստատությունների կողմից ՀՀ պարետի կողմից սահմանված կանոնների պահպանման նկատմամբ: Ուշադրության կենտրոնում են հատկապես խմբասենյակներում, ննջարաններում և սնունդ ընդունելու ընթացքում երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը, օգտագործվող ճաշի սպասքի պարագաների, ծորակային կահավորման համապատասխանությունը սահմանված կանոններին,ինչպես նաև երեխաների և աշխատակիցների կանոնավոր ջերմաչափումը:
Կրթության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ այսուհետ շարունակում է մշտադիտարկումները նաև մարզերում գործող հերթապահ մանկապարտեզներում: Տեսչական մարմնի ստուգայցերը թե՛ մայրաքաղաքի, թե՛ մարզերի հերթապահ մանկապարտեզներ շարունակական են, ուստի, տեսչական մարմինը հորդորում է խստորեն պահպանել ՀՀ պարետի սահմանած նորմերը:
Ստացված ամբողջ տեղեկատվությունը Կրթության տեսչական մարմնի կողմից փոխանցվում է պարետատուն»,- ասված է հաղորդագրության մեջ: