Չեռնոգորիայում նոր կորոնավիրուսային հիվանդության հարուցած հետեւանքներից մահացածների թիվը հունիսից ի վեր առաջին անգամ ավելացել է երկուսով՝ հասնելով 28-ի: Հուլիսի 22-ին այդ մասին RTCG ալիքի եթերում հայտնել է Պոդգորիցայի Կլինիկական կենտրոնի տնօրենի օգնական Նեմանյա Ռադոեւիչը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ մեկ հիվանդ մահացել է Պոդգորիցայի Կլինիկական կենտրոնում, իսկ մյուսը՝ Բար քաղաքի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Ռադոեւիչը նշել է նաև, որ հոսպիտալացվել է 24 մարդ, որոնցից 16-ը գտնվում է վարակիչ հիվադնությունների կլինիկայում: Նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն:
Հուլիսի լույս 22-ի գիշերը Չեռնոգորիայի կառավարությունը հայտարարել է ողջ երկրի տարածքում նոր կորոնավիրուսի համաճարակի մասին՝ հաստատված կորոնավիրուսային վարակով հիվանդների թվի ավելացման պատճառով:
Այդ առնչությամբ հուլիսի 22-ից Չեռնոգորիայի իշխանությունները ձեռնարկել են հատուկ միջոցներ՝ նպատակամղված նոր կորոնավիրուսի տարածման կասեցմանը:
Մասնավորապես, քաղաքացիների, ներառյալ 7 տարեկանից բարձր երեխաների համար սահմանվում է դիմակների պարտադրիր կրում, բացառությամբ լողափերի եւ ազգային բնայգիների:
Հանրային առողջության ինստիտուտի տվյալների համաձայն՝ հուլիսի 21-ի դրությամբ երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 920 դեպք: Անցած օրը կորոնավիրուսի առկայության թեստավորում է անցել 612 մարդ, նրանցից 98-ի մոտ անալիզը դրական արդյունք է տվել։