կարևոր
1765 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-22 16:14

Կիրականացվի իրավագիտության ոլորտում գիտական կոչումների շնորհման գործընթացի ու բովանդակության մշտադիտարկում. ԻՀԱ

Կիրականացվի իրավագիտության ոլորտում գիտական կոչումների շնորհման գործընթացի ու բովանդակության մշտադիտարկում. ԻՀԱ

Հուլիսի 21-ին առցանց եղանակով կայացավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի (այսուհետ՝ ԻՀԱ) խորհրդի նիստը: Նիստը նախագահում էր ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը:

Խորհրդի նիստի ընթացքում ԻՀԱ նախագահը ներկայացրեց ԻՀԱ-ի 2020 թվականի գործունեության հաշվետվությունը, պատասխանեց խորհրդի անդամների հարցերին եւ ծավալվեց մտքերի քննարկում, որից հետո խորուհրդը հաստատեց հաշվետվությունը:

Այնուհետեւ, ԻՀԱ խորհրդի միաձայն որոշմամբ իրավաբան, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Սահակյանը անդամագրվեց կազմակերպությանը եւ համալրեց ԻՀԱ շարքերը:

Հաջորդիվ Կարեն Զադոյանը ներկայացրեց ասոցիացիայի անդամների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված թեմատիկ դասընթացների առցանց հարցման ացկացման նախձեռնությունը, դրա գործընթացն ու հարցաթերթիկի բովանդակությունը: Խորհուրդը որոշեց մեկ շաբաթյա ժամկետում ԻՀԱ անդամներից ստանալ մասնագիտական դասընթացների թեմաների ցանկը, հաստատել այն եւ առաջարկել ԻՀԱ աշխատակազմին կազմակերպել դասընթացները:

Խորհրդի նիստի վերջինը հարցը վերաբերում էր ԻՀԱ 2020-2023 թվականների ռազմավարական պլանի իրականացման ընթացքին: ԻՀԱ նախագահի զեկույցից հետո, ելույթներ ունեցան խորհրդի անդամներ Մարատ Ատովմյանը, Արփինե Եղիկյանը, Զարուհի Հարությունյանն ու Գոհար Ղազինյանը, որոնք կարեւորեցին, որ ԻՀԱ իր մասնագիտական կարողություններով ի վիճակի է ամբողջապես իրականացել այս հավակնոտ ռազմավարական պլանով նախատեսված բոլոր գործողությունները:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի 2020-2023 թվականների ռազմավարական պլանով նախատեսվում է նաեւ բարձրացնել իրավաբանի մասնագիտության ստանդարտներն ու իրավաբանի մասնագիտության նկատմամբ հանրային վստահությունը, որի շրջանակներում կիրականացվի ՀՀ իրավաբանական ԲՈՒՀ-երի ուսումնառության ստանդարտների ու կրթական ծրագրերի, ինչպես նաեւ` ակադեմիական ազնվության ստանդարտների պահպանման տեսանկյունից, վերջին տարիներին ՀՀ-ում իրավագիտության ոլորտում գիտական կոչումների շնորհման գործընթացի ու բովանդակության մշտադիտարկումը եւ բարեփոխումները:

ԻՀԱ-ի խորհրդի նիստին մասնակցում էին խորհրդի բոլոր 7 անդամները` Կարեն Զադոյանը, Արփինե Եղիկյանը, Մարատ Ատովմյանը, Կարեն Քոչարյանը, Քարլ Ուլբրիխտը, Գոհար Ղազինյանը եւ Զարուհի Հարությունյանը: Խորհրդի նիստը բաց էր, որին մասնակցում էին ԻՀԱ գործադիր տնօրեն Արտակը Սարիբեկյանն ու ասոցիացիայի այլ անդամներ: