կարևոր
1581 դիտում, 8 ամիս առաջ --> 2020-07-21 15:37

Կարմիր բերետավորները ձերբակալել են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսուցիչներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Կարմիր բերետավորները ձերբակալել են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսուցիչներին։ Նրանց տեղափոխել են Շենգավիթի բաժին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ուսուցիչ, քանդակագործ Վիգեն Ավետիսը, կից հրապարակելով լուսանկար և տեսանյութ։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ Կրթահամալիրի եւ հարակից տարածքում գտնվող Երեւանի թիվ 93 մանկապարտեզի միջեւ խնդիր է ծագել։ Խնդիրն այն է, որ մանկապարտեզը տարածքը ցանկապատելու համար` Երեւանի քաղաքապետարանից շինթույլտվություն է ստացել եւ ցանկանում է սկսել շինարական աշխատանքները: Անձնակազմի պնդմամբ՝ երեխաները պետք է առանձնացված եւ պաշտպանված լինեն, իսկ այդ տարածք մուտք են գործում օտար մարդիկ եւ շներ: Կրթահամալիրի աշակերտները, ծնողներն ու ուսուցիչներն այս որոշմանը դեմ են, քանի որ իրենք ամեն օր այդ ճանապարհով մի մասնաշենքից մյուսն են անցնում:

Կրթահամալիրի տնօրենը մանրամասնում է, որ ճաղավանդակներ լինելու դեպքում՝ թաղամասը զրկվում է կենդանի, ամենօրյա հաղորդակցությունից: Մարդիկ կարիք ունեն՝ զբոսնելու, մի փողոցից մյուսն անցնելու, իսկ օրինակ՝ ոտքով հնարավոր չի լինի Առնո Բաբաջանյան պողոտայից անցում կատարել դեպի Րաֆֆու փողոց: Նրա խոսքով՝ այդպես այդ տարածքի առանց այդ էլ անհարմարավետ թաղամասերը դառնում են անտանելի:

  Կրթահամալիրի տնօրենը խնդրի լուծման համար 3 առաջարկ  է ներկայացրել՝

  1. Կասեցնել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 93 նախադպրոցական ուսումնական հաստատության եւ կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզի սահմանով շինարարության թույլտվության գործադրումը:
  2. Սարալանջով ստեղծված անցուղին բարեկարգել մինչեւ Րաֆֆու փողոց եւ Սուրբ Երրորդություն եկեղեցի՝ դարձնելով անցումն անվտանգ:
  3. Վերացնել ինքնաշեն ճաղավանդակները համայնքային ենթակայության թիվ 93, թիվ 76 մանկապարտեզների եւ կրթահամալիրի Հյուսաիսային-դպրոց պարտեզի միջեւ:

Ավելի վաղ Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը նշել էր, որ մանկապարտեզին շինթույլտվություն տրվել է, քանի որ հաշվի են առնվել մի շարք հանգամանքներ, որոնք ներկայացրել է մանկապարտեզի անձնակազմը, սակայն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրենի կողմից ներկայացված փաստարկները եւս լսելի են: