Հուլիսի 21-ին շուրջ երեք հազար ջավախահայեր հավաքվել են Ախալքալաքի ֆուտբոլային մարզադաշտում: Հայոց եռագույններ և Վրաստանի պետական դրոշներ ծածանելով՝ ակցիայի մասնակիցներն իրենց զորակցությունն են հայտնում Հայաստանի Հանրապետությանը, հայոց ազգային բանակին՝ միաժամանակ դատապարտելով 2020 թ. հուլիսի 12-ից ՀՀ հյուսիս-արևելյան սահմանային հատվածում (Տավուշի մարզ) վերակտիվացած ադրբեջանական սադրանքները:
Հավաքի մասնակիցներն Ախալքալաքի մարզադաշտից իրենց խաղաղ ակցիայով դատապարտում են ինչպես Ադրբեջանի՝ ՀՀ-ի և Արցախի վրա պարբերաբար իրականցվող ոտնձգությունները, այնպես էլ ադրբեջանական փորձերը, որոնք միտված են սադրանքներ իրականացնել նաև Վրաստանում և Վրաստանին ևս ներքաշել հակահայկական արկածախնդրությունների մեջ:
Ակցիան իր բազմամարդությամբ աննախադեպ է, և կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում Վրաստանի իշխանությունների իրականացրած խիստ միջոցառումների պայմաններում այն առաջին բազմամարդ միջոցառումն է: