կարևոր
818 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-20 23:03

Ստրասբուրգում ոստիկաններն ադրբեջանցիներին թույլ չեն տվել մոտենալ ԵԽԽՎ Հայաստանի ներկայացուցչությանը

Ստրասբուրգում ոստիկաններն ադրբեջանցիներին թույլ չեն տվել մոտենալ ԵԽԽՎ Հայաստանի ներկայացուցչությանը

Ստրասբուրգում ոստիկաններն ադրբեջանցի ցուցարարներին թույլ չեն տվել մոտենալ ԵԽԽՎ Հայաստանի ներկայացուցչությանը: Ավելի վաղ այնտեղ էին հասել Ֆրանսիայի հայերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրահրված լարվածության ֆոնին միասնության ցույց էին իրականացնում հայրենասիրական երգ ու պարի ուղեկցությամբ: 

Հայորդի երիտասարդաց միության նախագահ Դավիթ Հովսեփյանը նշել է, որ ակցիային մասնակցել է 250-300 հայ:

«Հավաքվել էինք այնտեղ, որպեսզի ցույց տայինք, որ հայերն ամեն վայրկյան, ամեն րոպե պատրատ են  համախմբվել: Ադրբեջանցիները պետք է լինեին մեր հյուպատոսարանի դիմացի մայթին, բայց մենք այնքան շատ էինք, որ ոստիկանությունը նրանց թույլ չտվեց մոտենալ շենքին: Նրանց մոտավորապես 150 մետր հեռավորության վրա էին պահում»,-պատմել է Հովսեփյանը:

Նա նշեց, որ ակցիայի հայ մասնակիցների դիմաց մոտ 3 կամ 4  ոստիկան է կանգնած եղել, իսկ ադրբեջանցիների մոտ 2-3 մեքենայով ոստիկաններ են եղել, որոնք փակել են ճանապարհները, քանի որ գիտեին, թե ովքեր են իրական ագրեսորները: 

Ճանապարհները փակելուց հետո ոստիկաններից մեկը մոտեցել է Դավիթ Հովսեփյանին ու տեղեկացրել, որ ադրբեջանցիներին թույլ չեն տալու մոտենալ կառույցին և նրանց հեռու են պահելու: «Մենք կրկին հաղթող դուրս եկանք, քանի որ ադրբեջանցիները հյուպատոսարանի շենքի դիմաց կանգնելու թույլտվություն ունեին, իսկ մենք չունեինք, բայց ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես մենք էինք ցանկանում: Նրանք մեր դրոշից շատ հեռու մնացին: Մենք մեր ներկայությամբ թույլ չտվեցինք, որ ադրբեջանցիները մոտենան մեր կառույցին, մեր դրոշին: Դա մեզ համար ևս հաղթանակ է, ու նրանք պետք է հասկանան, որ սփյուռքի հայերի դեմ ևս ոչինչ անել չեն կարող: Ինչպես առաջնագծում են ջախջախվում հերոս զինվորների կողմից, այնպես էլ պետք է ջախջախվեն սփյուռքի կողմից»,-շեշտել է ակցիայի մասնակիցն ու հավելեց, որ բախումներ չեն եղել, իսկ ակցիայի ավարտին ոստիկանները հայերին շնորհակալություն են հայտնել կարգուկանոն պահպանեու համար: