կարևոր
2128 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-20 21:50

Կողոպուտ Տիգրան Մեծի պողոտայում․ Կենտրոնականի քրեական հետախույզները հայտնաբերել են կասկածյալին

Կողոպուտ Տիգրան Մեծի պողոտայում․ Կենտրոնականի քրեական հետախույզները հայտնաբերել են կասկածյալին

 ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախույզները հայտնաբերել են հուլիսի 3-ի գիշերը Երևանի Տիգրան Մեծի պողոտայում կողոպուտ կատարելու մեջ կասկածվող անձին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

«Հուլիսի 3-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում կողոպուտի վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Տիգրան Մեծի պողոտայի և Մհեր Մկրտչյան փողոցի խաչմերուկում մի երիտասարդ պոկել էր անցորդներից մեկի պարանոցի ոսկյա կախազարդն ու փախել։ Մարդիկ հետապնդել էին, բայց կողոպտչին չէին կարողացել բռնել։  Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։ Տուժողից հաղորդում ընդունեցին։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց։ Սկսվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Օրեր տևած հետևողական աշխատանքի արդյունքում Կենտրոնականի քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ կողոպուտը կատարել է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում բնակվող մի երիտասարդ։ Նրան հայտնաբերելու միջոցառումները ևս հաջողությամբ ավարտվեցին։ 26-ամյա երիտասարդը հայտնաբերվեց հենց Ջրվեժում և կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու տվեց խոստովանական ցուցմունք։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: