Հուլիսի 20-ին Ֆրանսիայում ուժի մեջ է մտել հասարակական շենքերում պարտադիր պաշտպանական դիմակներ կրելու դեկրետը: Բոլոր խանութների առջեւ դրված են ցուցանակներ, որոնք հիշեցնում են դիմակներ կրելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը։
Պահակախումբը հետեւում է այցելուներին՝ թեեւ իրավունք չունի տուգանելու սահմանված կարգը խախտողներին. դրա համար ստիպված է ոստիկանություն կանչել: Մի շարք խանութներում տեղակայված են դիմակների վաճառքի ավտոմատներ:
Նոր դեկրետի համաձայն՝ դիմակ կրելն անհրաժեշտ է բանկեր, խանութներ, վարչական հիմնարկություններ, թանգարաններ, ստորգետնյա կայանատեղիներ այցելելիս: Ընկերությունների եւ ֆիրմաների շենքերում աշխատողների համար դիմակ կրելը պատադիր չէ այն պայմանով, որ նրանք պահպանում են մեկ մետր հեռավորությունը: Ավելի վաղ այնտեղ դիմակ կրելը ցանկալի էր, բայց ոչ պարտադիր: Եթե քաղաքացին դիմակ չի կրել հասարակական վայրում, ապա նա պետք է վճարի տուգանք 135 եվրոյի չափով:
Կրկին առանց դիմակի լինելու դեպքում տուգանքն աճում է մինչեւ 1500 եվրո: Եթե մեկ ամսվա ընթացքում քաղաքացին երեք անգամ խախտում է կանոնը, ապա նրան սպառնում է բանտարկություն մինչեւ վեց ամիս ժամկետով:
Մայիսի 11-ից Ֆրանսիայի քաղաքացիները պետք է դիմակ կրեին տրանսպորտում, կինոթատրոններում եւ թատրոններում, սրճարաններում եւ ռեստորաններում, գրադարաններում, խաղատներում, կրոնական կենտրոններում: Ներկայումս այդ վայրերում դիմակը կարելի է հանել պահպանելով սոցիալական հեռավորությունը:
Ֆրանսիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ ընդհանուր համաճարակն սկսվելուց ի վեր երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման շուրջ 174 հազար դեպք: Ավելի քան 105 հազար վարակվածներ հոսպիտալացվել են, 30 հազարից ավելի հիվանդ մահացել է։