կարևոր
1826 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-20 15:02

Իտալական ԶԼՄ-ներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, Հռոմի Պապի ուղերձին

Իտալական ԶԼՄ-ներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, Հռոմի Պապի ուղերձին

Իտալական մի շարք պարբերականներ անդրադարձել են Հռոմի պապի՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային միջադեպերի հետ կապված ուղերձին, խաղաղության կոչին:

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ մասնավորապես, «Իլ Մեսսաջերո»-ն, «Իլսուսսիդիարիո» պարբերականը և այլ ԶԼՄ-ներ մատնանշել են, որ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի որոշ հատվածների վրա հարձակումները նախաձեռնել է ադրբեջանական կողմը, հրետանու և անօդաչու թռչող սարքերի միջոցով՝ թիրախավորելով հայկական բնակավայրերը, ենթակառույցները, տները, նույնիսկ վնասելով Covid-ի դեմ պայքարելու համար դիմակներ արտադրող ընկերությունը: Հոդվածներում նշվում է, որ էսկալացիան քաղաքական մի շարք պատճառների հետևանք է, ինչպես, օրինակ, Ադրբեջանի նախագահի զանգվածային քարոզչությունը, ով երկրի ներսում պայքարում է համաձայնության աստիճանական կորստի դեմ:

Անդրադարձ է կատարվում նաև Մեծամորի ատոմակայանին ադրբեջանական սպառնալիքին, ինչպես նաև Անկարայի «Հայաստանը կվճարի» արտահայտությանը ու մեջբերումներ կատարվում Հռոմի Պապի կիրակնօրյա կոչից:

Հռոմի Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը հուլիսի 19-ին Ս․ Պետրոս հրապարակում տեղի ունեցած կիրակնօրյա Angelus-ի ընթացքում վերահաստատել է համաշխարհային զինադադարի մասին իր կոչն ու մտահոգություն հայտնել կովկասյան տարածաշրջանում վերսկսված զինադադարի խախտումների վերաբերյալ և միջազգային հանրությանը միջնորդելու կոչ արել: Իր խոսքում Հռոմի Պապը մասնավորապես ասել է. «Առանձնահատուկ մտահոգությամբ եմ հետևում անցնող օրերի ընթացքում Կովկասի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված բախումների սրացմանը։ Իմ աղոթքներս եմ ուղղում զոհվածների ընտանիքներին և հուսով եմ, որ միջազգային հանրության հանձնառությամբ և կողմերի միջև բարի կամքի ու երկխոսության միջոցով հնարավոր կլինի գալ երկարատև խաղաղ լուծման»:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: