կարևոր
1245 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-20 12:55

Վերականգնողական ծրագրերին այսօրվանից կփոխարինեն զարգացման ծրագրերը․ Տավուշի մարզպետ

Վերականգնողական ծրագրերին այսօրվանից կփոխարինեն զարգացման ծրագրերը․ Տավուշի մարզպետ

Տավուշի մարզում մեծ ծավալով ընթանում են վերականգնողական աշխատանքները, որոնց այսուհետև կփոխարինեն զարգացման ծրագրերը։ Այս մասին հուլիսի 20-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Մարզում մեծ ծավալով ընթանում են վերականգնողական աշխատանքներ, բայց, դրանից զատ, առավել կարևոր է ամբողջությամբ վերադառնալ բնականոն կյանքին, տնտեսական կյանքին։ Վերականգնողական գործընթացին այսօրվանից կսկսեն փոխարինել զարգացման ծրագրերը։ Մենք կփորձենք աշխուժորեն զբաղվել համայնքի, տարածաշրջանի ու հատկապես սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրերով։ Սահմանամերձ գյուղերում լուծելով ցանկացած խնդիր՝ մենք լուծում ենք պետության սահմանի անվտանգության խնդիրը։ Արձանագրված են բոլոր տնտեսական, քաղաքաշինական խնդիրները, այսօր կստեղծենք ևս մեկ լրացուցիչ հանձնաժողով»,- նշել է Չոբանյանը։

Նրա խոսքով՝ ստեղծվել են նաև սոցիալ-հոգեբանական հանձնաժողովներ, որտեղ ներգրավված են տարբեր հասարակական, միջազգային կառույցներ՝ հատկապես սոցիալական ոլորտում աշխատող կազմակերպություններ, որոնք գործում են Տավուշի մարզում։

Հայկ Չոբանյանն ընդգծել է, որ պատրաստվում են գործընկերների հետ շատ ակտիվ աշխատել բոլոր բնակավայրերում սոցիալ-հոգեբանական ուսումնասիրությունների շուրջ, հարկ եղած դեպքում էլ միջոցառումներ իրականացնել այդ ուղղությամբ։

«Մենք պետք է նաև կարողանանք հավուր պատշաճի կազմակերպել մեր երեխաների ամառային հանգիստը՝ իհարկե, հաշվի առնելով նաև համավարակն ու արտակարգ դրությունը»,- ասել է մարզպետը։

Նա նշել է, որ զարգացման ծրագրերի իրականացման շրջանակում չափազանց կարևոր է օրերս սկսված մասսայական դրամահավաքի շարունակականությունը։  

«Մեր կողմից նույնականացված հարթակներով հավաքագրված գումարներն ուղղվելու են մեր տարածաշրջանի առաջնահերթ խնդիրերի լուծմանն ու զարգացման ծրագրերի իրականացմանը։ Այսօր մենք հայտարարում ենք, որ սեպտեմբեր ամսին Տավուշի մարզպետարանն անցկացնելու է ներդրումային համաժողով՝ առցանց եղանակով՝ հաշվի առնելով համավարակն ու արտակարգ դրությունը։ Մեր նպատակն է, որպեսզի սեպտեմբերին ևս մեկ անգամ հայտարարենք և ձևակերպենք հիմնական, առաջնահերթ ռազմավարական ծրագրերը, որոնք ոչ միայն պետք է զարգացնեն մեր տնտեսությունը, այլև ամրացնեն մեր սահմանները»,- ասել է Չոբանյանը։

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: