Ադրբեջանի զինված ուժերը գիշերը կրակոցներ են արձակել նաև Ճամբարակի ուղղությամբ: Այս մասին հուլիսի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Տավուշի ուղղությամբ եղել են տարբեր գյուղերի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում կրակոցներ` հիմնականում անկանոն, որոնց մեծ մասին ՀՀ զինված ուժերը պատասխան կրակ չեն վարել: Եղել են նաև կրակոցներ այլ մարզերի ուղղությամբ: Մասնավորապես, Ճամբարակի ուղղությամբ են եղել կրակոցներ, օգտագործվել է ավտոմատ նռնականետ»,- ասել է Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ ՀՀ զինված ուժերը հակառակորդի դիպուկ կրակոցներին պատասխանել են թիրախային դիպուկ կրակով:
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը (նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից 9 անգամ խախտել է կրակի դադարեցման ռեժիմը` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 137 կրակոց: