ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հուլիսի 19-ին մշտադիտարկում և կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
«Նշենք, որ տեսչական մարմինն առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներն իրականացնում է պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն:
Նոր Նորք վարչական շրջանի մի քանի տնտեսավարողների մոտ դիտարկվել են թերություններ, որոնք տեղում շտկվել են: Շինանյութի խանութներից մեկում բացակայել է ջերմաչափման գրանցամատյանը, սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները և դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանը:
Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկում իրականացնել ՀՀ ողջ տարածքում»,- ասված է հաղորդագրությունում։