կարևոր
892 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-18 23:21

Տավուշի սահմանամերձ հատվածում վնասված շենքերից առնվազն երկուսը հնարավոր չէ վերականգնել

Տավուշի սահմանամերձ հատվածում վնասված շենքերից առնվազն երկուսը հնարավոր չէ վերականգնել

Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում Ադրբեջանի հարվածներից վնասված առնվազն երկու շենք հնարավոր չէ վերականգնել: Հուլիսի 18-ին կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին նշեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Դրանց փոխարեն պետք է կառուցվեն նորերը: Մենք նախնական հաշվառել ենք վնասված շուրջ 50 շինություն: Այս պահին սկսված են 12 շինության վերկանգնողական աշխատանքներ: Աշխատանքի տեմպն առաջիկայում կարագացվի: Ես ենթադրում եմ, որ վերկանգնողական աշխատանքները կավարտվեն մեկ ամսվա ընթացքում, իսկ նոր շենքերի շինարարությունը բնականաբար կտևի ավելի երկար: Մենք կանգ չենք առնելու, այդ բոլոր աշխատանքներն իրականացվելու են շատ ինտենսիվ»,-ասաց Հայկ Չոբանյանը:

Տավուշի մարզպետը շնորհակալություն հայտնեց բոլոր քաղաքացիներին սրտացավության համար, որոնք ցանկանում են իրենց աջակցությունը ցուցաբերել տարբեր աշխատանքներում, հյուրընկալել մարզի սահմանամերձ համայնքների երեխաներին: Ամեն դեպքում մարզպետը նշեց, որ երեխաներին հյուրընկալելու կարիք այս պահին չկա: Բոլոր հարցերը կարգավորվում են: