կարևոր
1788 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-18 22:18

Տավուշում ավտոմեքենաների ու գյուղատնտեսական կենդանիների հետ կապված վնասը կփոխահատուցվի

Տավուշում ավտոմեքենաների ու գյուղատնտեսական կենդանիների հետ կապված վնասը կփոխահատուցվի

Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում Ադրբեջանի հարվածների հետևանքով ավտոմեքենաների վնասը որոշակի ձևով կփոխհատուցվի: Հուլիսի 18-ին կայացած ճեպազույցում այս մասին նշեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Ռմբահարվել են նաև անասնագոմեր, հետևաբար ունենք նաև գյուղատնտեսական կենդանիների հետ կապված վնասներ, այդ փոխհատուցումը ևս կտրվի»,-ասաց Հայկ Չոբանյանը:

Մարզպետը նշեց, որ վերջին տարիներին սահմանամերձ գյուղերում իրականացվել են ապաստարանների շինարարություններ: Հիմնականում ընտրվել են ամենապահով տարածքները: Բոլոր սահմանապահ գյուղերն այսօր ունեն ապաստարաններ, դրանք ուժեղացվում են:

«Այն, որ այս օրերին 100-ից ավելի հարվածներ են եղել և մենք քաղաքացիական բնակչության շրջանում ունենք մեկ վիրավոր, դա խոսում է մեր ժողովրդի ինքնապաշտպանական մշակույթի բարձր մակարդակի մասին: Երկրորդ գործոնը քաղաքացիական պաշտպանության լավ ինստիտուտ ունենալն է»,-ասաց մարզպետը:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: