Տավուշում հուլիսի 18-ին եղել է խաղաղ, ամբողջ օրվա ընթացքում որևէ հրետակոծություն չի գրանցվել: Հուլիսի 18-ին կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին նշեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Դա հանարավորություն է տվել համայնքներում շարունակել վերականգնողական աշխատանքները, հատկապես ենթակառուցվածքների առումով: Կարող եմ ասել, որ ենթակառուցվածքների առումով աշխատանքները մոտենում են ավարտին: Ըստ էության՝ վերականգնել ենք ենթակառուցվածքները, այդ թվում, լուծվել են ջրագծերի հետ կապված խնդիրները: Դա հանարավորություն է տվել, որ մարդիկ վերադառնան իրենց աշխատանքին»,-նշեց Հայկ Չոբանյանն՝ ընդգծելով, որ հուլիսի 18-ին ունեցել են բուռն աշխատանքային օր:
Մարզպետը տեղեկացրեց, որ Ադրբեջանի հարվածներից տուժած համայնքներում իրականացվել են հետևանքների գույքագրման աշխատանքներ: Հուլիսի 18-ին գրեթե ավարտվել է գույքագրման նախնական գործընթացը: Առանձնացվել է 12 տուն, որից 6-ը՝ Այգեպարում, 6-ը՝ Ներքին Կարմիրաղբյուրում, որտեղ կարող են սկսվել վերականգնողական աշխատանքները: Արդեն երկու բնակարաններում ընթանում են վերակագնողական աշխատանքներ, մարզպետը տեղեկացրեց, որ օր օրի այդ տների թիվը կացվելանա, հաջորդ շաբաթվա ընթացքում կունենանք վերականգնված առաջին տները:
«Այսօրվա գույքագրման աշխատանքների ընթացքում հայտնաբերեցինք մի շարք ավերածություններ, որոնք եղել են ոչ թե վերջին օրերի հրետակոծությունների, այլ նախորդ տարիներին գրանցված հարվածների հետևանքով: Դրանք նույնպես ներառվել են գույքագրման գործընթացում»,-հավելեց մարզպետը:
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: