կարևոր
1338 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-18 15:44

ՀԱԷԿ-ին հարվածելու Ադրբեջանի հայտարարությունը մարդկության դեմ հանցագործություն է. Նիկոլ Փաշինյան

ՀԱԷԿ-ին հարվածելու Ադրբեջանի հայտարարությունը մարդկության դեմ հանցագործություն է. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը սպառնալիքներ է ստեղծում ոչ միայն Հայաստանի, այլև գլոբալ անվտանգության համար, և դա ակնհայտ դարձավ վերջին օրերին: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպմանը: 

«Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչը մի քանի օր առաջ ուղղակի հայտարարեց, որ իրենց երկիրը կարող է հրթիռային հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին: Ճիշտ է, Հայաստանն ի վիճակի է ապահովել սեփական, այդ թվում՝ Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը, բայց սա մի հայտարարություն է, որն աներկբայորեն պետք է դիտարկվի որպես մարդկության դեմ հանցագործություն, որովհետև նմանատիպ գործողությունը մարդկության դեմ ուղղված ահաբեկչություն ձեռնարկելու սպառնալիք է և պետք է արժանանա համապատասխան միջազգային արձագանքի և հետաքննության»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Հայաստանի սահմանի ուղղությամբ Ադրբեջանի հարձակումներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանն իր այս գործողություններով էական վնաս է հասցրել նաև իր հետ ռազմատեխնիկական լայն համագործակցություն ունեցող երկրներին, որովհետև այս վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ Զինված ուժերի կողմից խոցվել են զինատեսակներ, որոնք ամբողջ աշխարհում համարվում են անխոցելի: Այս պատմության մեջ, սակայն, ըստ Նիկոլ Փաշինյանի, ամենամեծ զարմանքն առաջացնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության քամահրական վերաբերմունքը սեփական զինվորների կյանքի նկատմամբ, որոնց ուղարկում են կանխատեսելի մահվան նույնիսկ այն պարագայում, երբ նրանց առաջ դրված խնդիրն ակնհայտորեն անիրագործելի է:

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ձեռնարկած սադրանքն ունի նաև շատ ավելի լայն աշխարհաքաղաքական կոնտեքստ: Ադրբեջանական քարոզչությունը, փորձելով քողարկել սեփական ձախողումը, սկսել է զարգացնել մի թեզ, թե Հայաստանի զինված ուժերը դիրքավորվել են Ադրբեջանից սկիզբ առնող միջազգային էներգետիկ ենթակառուցվածքները խոցելու և շարքից հանելու նպատակով: Սա արվում է՝ Հայաստանին որպես գլոբալ սպառնալիք ներկայացնելու համար: Բայց այս մտքի անհեթեթության կարևորագույն ապացույցն է այն, որ զուտ տեսականորեն նման գործողություն ձեռնարկելու հնարավորություն Հայաստանն ունեցել է նաև վերջին շաբաթվա իրադարձություններից առաջ էլ: Բայց նման նպատակ չի ունեցել երբեք և չունի, որովհետև մեր քաղաքական օրակարգում չի եղել և չկա տարածաշրջանում ու աշխարհում տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական, անվտանգային անկայունություն և սպառնալիքներ ստեղծելը ու չի լինելու: Մեր խնդիրը մեր ինքնիշխանությունը, մեր սահմանները, մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունն ապահովելն է, նաև գլոբալ անվտանգության ապահովմանը նպաստելը: Իսկ որ Ադրբեջանը սպառնալիքներ է ստեղծում ոչ միայն Հայաստանի, այլև գլոբալ անվտանգության համար, վերջին օրերին ակնհայտ դարձավ»,-հավելել է ՀՀ վարչապետը: