19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանը Գեղարքունիքի մարզում հետևել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի կողմից հերթական անգամ իրականացվող՝ Սևանի իշխանի գեղարքունի տեսակի 3 գրամ միջին քաշով 62․500 հատ և 240.000 հատ 1,75 գրամ քաշով մանրաձկան բացթողնման աշխատանքներին։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մանրաձկան բացթողումն իրականացվել է լիճ թափվող Կարճաղբյուր և Մասրիկ գետերի միջին և ստորին հոսանքներում։
Մանրաձկան բացթողնման աշխատանքներից առաջ Վարդան Մելիքյանը հիմնադրամի ներկայացուցիչների, ոլորտի մասնագետների հետ քննարկել է ձկնապաշարների հաշվառմանն ու անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը վերաբերող հարցեր։ Քննարկման ընթացքում շոշափվել են նաև խեցգետնի պաշարներին առնչվող հարցեր։ Ի թիվս այլ հարցերի անդրադարձ է եղել նաև ապօրինի ձկնորսությանը, որն էապես անդրադառնում է ձկնապաշարների նվազմանը։
Աշխատանքներին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության և «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի աշխատակիցները։
Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Դրա նպատակն է վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։