Մեր վիրավորների վիճակը շարունակում է մնալ նույնը, նրանց մոտ հիմնականում դրական դինամիկա է նկատվում, բացի՝ մեկից, որի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Հուլիսի 18-ի ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը:
Անդրադառնալով տեղեկատվական տիրույթում շրջանառվող ապատեղեկատվությանը, Հովհաննիսյանը հայտնեց.
«Ճիշտ է՝ կրակոցները, հրետակոծությունները կարծես տեւական ժամանակ դադարել են, բայց տեղեկատվական տիրույթում շարունակում են տարբեր ապատեղեկատվություններ տարածել՝ կեղծ օգտահաշիվներից, խուճապի տարածում, եւ այլն։ Ես նորից հորդորում եմ զերծ մնալ գնահատականներ տալուց, նկատում եմ, որ ընդհանրացնող եզրակացություններ ենք տալիս՝ ինչ վերցրինք, ինչ կորցրինք, ով հաղթեց, ով պարտվեց։ Դրանց ժամանակը չէ, վաղ է դրա մասին խոսել, խնդրում եմ վերջ տանք նման մեկնաբանություններ ծավալելուն»: