կարևոր
1271 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-17 23:05

Տավուշի սահմանամերձ համայնքներում ճանապարհաշինարարական աշխատանքները չեն դադարեցվել

Տավուշի սահմանամերձ համայնքներում ճանապարհաշինարարական աշխատանքները չեն դադարեցվել

Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում ճանապարհաշինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Հուլիսի 17-ին կայացած ճեպազրույցում, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նշել է, որ սահմանամերձ հատվածներում ճանապարհաշինարարական, ջրագծերի հետ կապված մեծ աշխատանքներ են իրականացվում:

«Սահմանին առկա լարված իրավիճակով պայմանավորված միայն հուլիսի 16-ին մի փոքր դադար եղավ: Անօդաչու թռչող սարքերի հարվածների պարագայում այդ աշխատանքները մի փոքր սահմանափակվել էին, որպեսզի հարվածների թիրախ չդառնան մեր շինարարները»,-ասել է Հայկ Չոբանյանը:

Խոսելով սահմանամերձ գյուղերի առաջնահերթ խնդիրներից՝ մարզպետը նշել է, որ դրանք եղել են, կան և մնում են նույնը: Նրա խոսքով, սահմանային անվտանգության ապահովման գործընթացն իր մեջ ոչ միայն զինվորական անվտանգություն է ներառում, այլև քաղաքացու կյանքի որակի բարձրացում:

«Այն է՝ քաղաքացու համար աշխատանքային պայմաններ ստեղծելը, կենսագործունեություն ապահովելը, բարձրակարգ ենթակառուցվածքներ ունենալը, բարձրակարգ կրթական համակարգ, մշակութային բաղադրիչ ապահովելը: Այս մարտահրավերը մեզ մի փոքր ցնցեց այն առումով, որ մենք հասկանանք՝ մեր գործողությունները շատ ավելի հստակ, շատ ավելի շտապ պետք է իրականանցվեն, որպեսզի հպարտորեն մտնենք սահմանապահ գյուղ: Այն գյուղ, որն ամեն օր, ամեն ժամ պահում է սահմանը»,-ասել է մարզպետը:

Անդրադառնալով սոցիալական ցանցերով ստացված քաղաքացիների այն հարցերին, թե ինչպես կարող են օգտակար լինել՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ մարզպետարանի կայքում հայտարարել են ստեղծված աշխատանքային խմբերի թեժ գծերի հեռախոսահամարները, որոնցով աջակցել ցանկացողները կարող են կապ հաստատել: