566 դիտում, 2020.07.17 21:57

Փաշինյանը վստահ է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության տեմպը շատ շուտով կվերականգնվի

Փաշինյանը վստահ է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության տեմպը շատ շուտով կվերականգնվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության տեմպը շատ շուտով կվերականգնվի։ Փաշինյանը նման վստահություն հայտնել է Մինսկում Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ։ ՀՀ վարչապետը նշել է, որ կորոնավիրուսի պատճառով ՌԴ վարչապետի հետ մի քանի պոտենցիալ հանդիպումները չեղարկվել էին։

«Իհարկե, շատ հարցեր կան երկու երկրների հարաբերությունների օրակարգում։ Կարծում եմ, որ մեր հարաբերությունները, որոնք ունեն դաշնակցային և ռազմավարական նշանակություն, հետևողականորեն զարգանում են։ Շատ հագեցած օրակարգ ունենք»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ 2019 թվականը եղել է շատ արդյունավետ, որովհետև առաջին անգամ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելի քան 2 միլիարդ դոլարի էր հասել և 2019 թվականին եղել է 14 տոկոս աճ։ «Հունվար-փետրվարին այդ տեմպը շարունակվում էր, բայց, ցավոք, կորոնավիրուսի պատճառով, կորցրեցինք տեմպը։ Բայց ես վստահ եմ, որ շատ շուտով կվերականգնենք»,- ընդգծել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հանդիպմանը նաև անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղված իրավիճակին․«Այնպես ստացվեց, որ մեր հանդիպումը համընկել է հայ-ադրբեջանական սահմանին լարավածության աճով։ Հուսով եմ, որ դուք տեղեկացված եք, որ (դեռ հայտնի չէ ինչու) ադրբեջանական զորքերը որոշել են հարձակվել Հայաստանի վրա։ Ես կներկայացնեմ ձեզ ներկայիս իրադրությունը։

Ուզում եմ ընդգծել, որ այս իրադարձությունը տեղի է ունենում երրորդ կողմի դրդման հետևանքով և դեռ պետք է հասկանալ ով, ինչ, ինչու է հետաքրքրված։ Դա նույնպես շատ կարևոր թեմա է»։