Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին առկա լարված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև հերթական էսկալացիան չէ, դա շատ հստակ և ուղիղ սպառնալիք է ժողովրդավարությանը։ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության «Պատմության ներսում» (Inside Story) հաղորդման շրջանակում այս մասին նշել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը: Հաղորդմանն Ադրբեջանից մասնակցում էր նախագահի օգնական Հիքմետ Հաջիևը:
«Ես շատ զարմացած եմ, որ այժմ խոսվում է սխալներից։ Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է խոսել սխալների մասին, երբ բառացիորեն 5 րոպե առաջ մենք լսեցինք, թե ինչպես է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը սպառնացել Հայաստանի ատոմային էլեկտրակայանի հնարավոր ռմբակոծմամբ։ Մենք հիմա խոսում ենք ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի ինքնիշխան տարածքի մասին, մենք խոսում ենք Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին։ Այն, ինչ ես ուզում եմ հստակեցնել, սա պարզապես Հայաստանի և Ադրբեջանի միջև հերթական էսկալացիան չէ, դա շատ հստակ և ուղիղ սպառնալիք է ժողովրդավարությանը։ Դա ժողովրդավարությանն ուղղված սպառնալիք է, դա հարձակում է ժողովրդավարության վրա, որը մենք փորձում ենք կառուցել Հայաստանում»,-նշել է Արսեն Խառատյանը։
Նա հիշեցրել է, որ 2018 թվականին Հայաստանը վերապրել է իր պատմության, նորագույն պատմության ամենամեծ և լուրջ փոփոխություններից մեկը։ 2018թվականի Թավշյա հեղափոխությունը հանգեցրեց 90-ականների կեսերից երկրում ամենալեգիտիմ կառավարության ստեղծմանը: Նա ընդգծել է, որ այժմ Հայաստանում բարեփոխումների մեծ ծրագիր է իրականացվում, կա ժողովրդականություն վայելող կառավարություն, որը շատ ցավոտ փոփոխություններ է իրականացնում երկրի ներսում, բայց հարևան բռնատիրական ռեժիմներում ապրող մարդիկ և երկրները, կարծես թե, շատ են նյարդայնանում դրա պատճառով:
«Այն, ինչ ես զգում եմ, այն, ինչ մենք տեսնում ենք այստեղ, Ադրբեջանի ներքին խնդիրներն են, որոնք ռեժիմին մղում են, որպեսզի սկսեն հայերի հետ թշնամություն ստեղծել` հրահրելով հայատյացություն, փորձելով ստիպել սեփական հասարակության ուշադրությունը գրավել կամ շեղվել իրական և լուրջ խնդիրներից, որոնք, ինչպես կարծում ենք, կամրապնդվեն երկրում: Մենք ունենք, մենք ինքներս ունեցել ենք կոռումպացված ռեժիմ, մենք գիտենք, թե ինչպես է այն աշխատում, մենք գիտենք, թե որքան դժվար է իրականում հաղթահարել այդ ռեժիմը»,-նշել է Արսեն Խառատյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը երիտասարդ ժողովրդավարական երկիր է, որի բարեփոխիչ կառավարությունը որևէ մեկի վրա հարձակվելու պատճառ չունի: Այն ինչ ադրբեջանցի գործընկերներից կամ հենց Ադրբեջանից տեսնում ենք, դա Հայաստանի տարածքում խաղաղ բնակավայրերի, քաղաքացիական բնակչության հրետակոծությունն է և արդեն 4-5 օր շարունակվող ռմբակոծումն ու հրթիռակոծումն է։ Արսեն Խառատյանն ավելացրել է նաև, որ Հայաստանը հավատարիմ է իր հայտարարություններին: Նա մեջբերել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի խոսքն այն մասին, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղ գործընթացին:
«Մենք կարծում ենք, որ բանակցությունների ձևաչափը, որտեղ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, բանակցությունների շարունակման միակ ձևաչափն է կողմերի միջև կառուցողական բանակցությունները շարունակելու համար։ Վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ, ինչու՞ եք սպառնում, ինչու՞ եք ռմբակոծում, եթե դուք պատրաստվում եք շարունակել խոսել այս լեզվով, ակնհայտ է, որ դուք կստանաք համապատասխան պատասխան»,-ասել է նա։
Արսեն Խառատյանն անդրադարձել է նաև այս գործընթացում Թուրքիայի ակտիվությանը: Նա ընդգծել է, որ Թուրքիան տարածաշրջանում միակ խոշոր խաղացողն է, որն անմիջականորեն աջակցում է Ադրբեջանին իր ագրեսիվ գործողություններում:
«Սա հակամարտություն չէ Թուրքիայի և Հայաստանի միջև․ Հայոց ցեղասպանությունն է, որ ստեղծել է այն քաղաքական աշխարհագրությունը, որում մենք հիմա ապրում ենք, և, իհարկե, խոշոր խաղացողները գործարքներ են կնքում և գծում են սահմաններ, որտեղ մենք ապրում ենք, ներառյալ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, որը ստեղծվել է Իոսիֆ Ստալինի և Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից: Այնպես որ, Թուրքիան իսկապես այդ գործընթացի մի մասն է կազմում։ Թուրքիան տարածաշրջանում միակ խոշոր խաղացողն է, որն անմիջականորեն աջակցում է Ադրբեջանին իր ագրեսիվ գործողություններում: Փաստացի Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը բացահայտ հայտարարում է, որ իրենք կաջակցեն Ադրբեջանին այն ամենում, ինչին նրանք կգնան, ուստի մենք ակնկալում ենք Թուրքիայի կողմից հնարավոր նմանատիպ ագրեսիվ պահվածք: Այնպես որ, Թուրքիայի հնարավոր դերը որպես «անկախ միջնորդ» մեզ համար քննարկման ենթակա չէ»,-ասել է Արսեն Խառատյանը։
Վերադառնալով Հայաստանում ժողովրդավարական գործընթացի վերաբերյալ բազմաթիվ մեղադրանքներին՝ Արսեն Խառատյանը նշեց, որ պարոն Հաջիևը և նրա վարչակազմը շատ են վախենում, որ նման իրավիճակ կարող է ստեղծվել նաև Ադրբեջանում, և այդ ռեժիմը, որը գոյություն ունի Բաքվում, կարող է ունենալ նույն ճակատագիրը, ինչ և կլեպտոկրատիկ ռեժիմը, որը Հայաստանում էր։
«Պետությունը ցույց էր կազմակերպել երկու օր առաջ Բաքվում, երբ Ալիևը փորձում էր հայատյաց հայրենասիրական գաղափարներով մարդկանց դուրս բերել, որպեսզի իր սեփական ժողովրդին պատերազմի ուղարկի, իրականում մարդիկ, փողոց դուրս գալուց 2 ժամ անց, սկսեցին պահանջել ձեր սեփական կառավարության անդամների հրաժարականը, դրանից 2 ժամ անց նրանք հարձակվեցին ձեր խորհրդարանի վրա, այնպես որ, ես զգում եմ, որ Քովիդ-19-ը միակ լճացումը չէ «ադրբեջանական ժողովրդավարությունում», և հեղափոխական գործընթացը կարող է ի վերջո գալ ձեր տները, այնպես որ զգույշ եղեք դրա հետ»,-հավելել է նա:
Արսեն Խառատյանը, մեջբերելով իր որոշ գործընկերների դիտարկումները, նշել է, որ որպես ժողովրդավարական առաջնորդ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի մեծ ժողովրդականություն է վայելում Ադրբեջանում, քան Ալիևը։ Նա վստահություն է հայտնել, որ այստեղ հարցը Փաշինյանը չէ, սա ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության և այլ ազատությունների հարցն է, որոնցից զրկված է Ադրբեջանի ժողովուրդը, և հենց այդ պատճառով էլ մարդիկ դուրս են գալիս փողոց:
«Ես նկատի ունեմ, որ մենք դա տեսնում ենք, երեկ ձեր նախագահը խոսել է այն մասին, որ միայն 150 մարդ է պաստրաստ որպես կամավոր գնալ պատերազմ․ ո՛չ ձեր ժողովուրդը, ո՛չ էլ հայերը պատերազմ չեն ուզում։ Մենք ցանկանում ենք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և քննարկել այդ հարցը։ Ես պետք է ևս մեկ մեկնաբանություն անեմ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է վստահության ամրապնդման միջոցներին, դուք ձեր վարչակազմում նախկինում համաձայնել եք սահմանների մոնիթորինգի բարելավմանը։ Ինչու՞ եք հիմա հրաժարվում դրանից, դուք հիմա հայտարարում ու մեզ մեղադրում եք հարձակումների մեջ, եկեք տեղադրենք այդ վստահության ամրապնդման միջոցները, եկեք սահմանագծի երկայնքով դիտորդներ տեղակայենք, միջազգային անձինք, ովքեր կլինեն սահմաններին և մեզ կպատմեն, թե ով է հակամարտությունը հրահրողը»,-եզրափակել է նա։