400 դիտում, 2020.07.17 18:49

Պետական աջակցությամբ կառուցվում են նոր թռչնաբուծարաններ

Պետական աջակցությամբ կառուցվում են նոր թռչնաբուծարաններ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և Գյուղատանտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը հուլիսի 17-ին այցելել են «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերության թռչնաբուծության հատվածը, որում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրվող նորագույն սարքավորումների ներդրմամբարդիականացվում են նախկին  թռչնանոցները։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Տիգրան Գաբրիելյանը ընկերության հիմնադիր տնօրեն Գեղամ Ջանվելյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել թռչնանոցներում, տեսակավորման արտադրամասում, ծանոթացել ձվի արտադրության պայմաններին, տեսակավորման գործընթացին:

Ներկայացնելով ընկերության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը` Գեղամ Ջանվելյանը նշել է, որ լիզինգի պետական աջակցության ծրագրով 450 մլն դրամի և սեփական միջոցներից ևս 200 մլն դրամի ներգրավմամբ ընթացքի մեջ է ներդրումային նոր ծրագիր, որի շրջանակում թռչնաբուծական սարքավորումների  հայտնի Hellmann ընկերության հետ համագործակցելով մինչև տարեվերջ կհիմնվի 3 նոր թռչնանոց: «Նոր կառուցվող թռչնաբուծարանները նախատեսված են 200 հազար թռչնագլխաքանակի համար, այստեղ ներդրվող նոր տեխնոլոգիաների շնորհիվ կերակրման, ջրի մատակարարման, օդափոխության, ձվի հավաքման և այլ  համակարգերը լինելու են ավտոմատացված»,-հավելել է նա:

Ընկերության հիմնադիր տնօրենը նաև տեղեկացրել է, որ պետական աջակցությամբ լիզինգային պայմանագրով ընկերությունը ձեռք է բերել նաև մի քանի միավոր գյուղատնտեսական տեխնիկա, որոնք կկիրառվեն ընկերության հողերի մշակման համար:

Ամփոփելով այցի արդյունքները` փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն ընդգծել է նորագույն տեխնոլոգիաների ներդրման կարևորությունը արտադրության մեջ: «Արդյունքում հնարավոր կդառնա էլեկտրաէներգիայի, ջրի, կերի խնայողության շնորհիվ զգալիորեն նվազեցնել ձվի ինքնարժեքը: Բացի այդ, ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով գործող թռչնանոցներում հնարավոր կլինի եռապատկել պահվող թռչունների գլխաքանակը»,-նշել է նա:

Ընդհանուր առմամբ, Տիգրան Գաբրիելյանի խոսքով, տնտեսավարողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագրի նկատմամբ, քանի որ գիտակցում են, որ այն լայն հնարավորություններ է ընձեռում գյուղատնտեսության ոլորտում արդյունվետ գործունեություն իրականացնելու համար: