կարևոր
1714 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-17 17:04

ԵԱՏՄ-ն ապացուցեց իր կենսունակությունը ճգնաժամային իրավիճակներում. Նիկոլ Փաշինյան

ԵԱՏՄ-ն ապացուցեց իր կենսունակությունը ճգնաժամային իրավիճակներում. Նիկոլ Փաշինյան

Եվրասիական տնտեսական միությունը կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում ապացուցեց իր կենսունակությունը, ցույց տվեց, թե որքան կարևոր դեր է խաղում անդամ երկրների կյանքում: Այս մասին Բելառուսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում իր ելույթում:

Վարչապետը նախ նշեց, որ դա առաջին հանդիպումն է երկար դադարից հետո, որն առաջացել էր կորոնովիրուսի համավարակի պատճառով: «Այս կապակցությամբ կցանկանայի գոհունակությամբ նշել, որ մեր միությունը պատվով է դիմագրավել այս փորձությանը: Այն ապացուցեց իր կենսունակությունը ճգնաժամային իրավիճակներում և ցույց տվեց, թե որքան կարևոր դեր է խաղում մեր երկրների կյանքում: Հանձնաժողովը ոչ մի վայրկյան չընդհատեց իր գործունեությունը: Իսկ Հանձնաժողովի խորհրդի, Միջկառավարական խորհրդի և Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստերը, որոնք անցկացվել են տեսակապի միջոցով, ոչ միայն մեզ հնարավորություն տվեցին փոխանակվել մեր երկրներում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ, այլ նաև թույլ տվեցին շարունակել հարցերի քննարկումն ու որոշումների կայացումը, որոնք սկզբունքային նշանակություն ունեն մեր ինտեգրացիայի ապագայի համար»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց՝ միության շրջանակում համագործակցությունն այսքան արդյունավետ չէր լինի, եթե չլիներ այն ամուր բարեկամությունը, որը գոյություն ունի անդամ բոլոր երկրների և ժողովուրդների միջև: «Ինձ համար հատկապես կարևոր է նշել համագործակցության և փոխօգնության այն բարձր մակարդակը, որն այս օրերին մենք զգացինք Միության մեր բոլոր գործընկերների կողմից՝ առանց բացառության: Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել վարչապետ Միխայիլ Միշուստինին և փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին` բոլոր խնդիրներին օպերատիվ արձագանքելու համար, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի անխափան տրանսպորտային կապի հետ կապված: Սա ռազմավարական նշանակություն ուներ մեր տնտեսության համար»,-ասաց Փաշինյանը:

Նա այս համատեքստում նշեց նաև «Բելավիա» ավիաընկերության աշխատանքը: Վարչապետը հիշեցեց, որ բոլոր այս ամիսների ընթացքում այն շարունակում էր կանոնավոր թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան, չնայած այն հանգամանքին, որ մնացած բոլոր ավիաընկերությունները դադարեցրել էին իրենց գործունեությունը Հայաստանում: