ՀՀ Կառավարությունը Գյումրիի քաղաքապետարանին 4 մլն դրամ գումար է փոխանցել կորոնավիրուսի ախտանիշով մեկուսացված քաղաքացիներին սննդային փաթեթներով ապահովելու համար: Այս մասին հուլիսի 17-ին կայացած ավագանու նիստի ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 987 քաղաքացի, նրանցից 305-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Ինչպես տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը` հուլիսի 17-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 70 բնակիչ է բուժվում։
Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 6 298 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 16-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 5 944 նմուշառման հետազոտություն, հուլիսի 16-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 378 բնակիչ։
47 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 29 դեպք: